Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարել Ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավել նրա համակարգիչը:

Այլ մանրամասներ հայտնի չեն, բայց դա էլ թերևս բավարար է, գոնե այս պահին, իրադրությանը ինտրիգ հաղորդելու համար: Բանն այն է, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի մարտիմեկյան գործը քննող դատավորն է, որն էլ կայացրել էր նրա խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու որոշումը: Դրանից հետո Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները զարգացան որոշակի կայծակնային արագությամբ՝ հասնելով մինչև Վենետիկի հանձնաժողովի շուրջ հայտնի աղմուկը:

Այս տեսանկյունից, դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվածը Հայաստանի մեկ այլ, յուրօրինակ, այսպես ասած՝ ասիմետրիկ պատասխան է Վենետիկի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրադրությանը: Ընդ որում, պատասխան ոչ թե հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ հանձնաժողովի «անունից» տեղեկատվական աղմուկն ու քաղաքական մթնոլորտը ստեղծած շրջանակներին: Իսկ այստեղ խնդիրը հենց այն է, որ առարկան բուն հանձնաժողովը չի էլ եղել, ինչի մասին վկայեց Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին տարածած հայտարարությունը, որ դրական են գնահատում Հայաստանի իշխանության հետ աշխատանքը: Այդ կերպ Վենետիկի հանձնաժողովը փորձեց տարանջատվել այն խաղից, որի մեջ ներքաշվել էր տեղեկատվական արտահոսքի միջոցով: ՀՔԾ գործողությունը, ուղղակի թե անուղղակի, սակայն պատասխան էր հենց այդ խաղին, որը վկայում էր իշխանության վճռական տրամադրվածության մասին:

Եվ հատկանշական է նաև, որ այն փաստորեն հաջորդեց հենց Վենետիկից ստացված պարզաբանմանը, որով հանձնաժողովը, այսպես ասած, «արդարացավ» Հայաստանի իշխանության ու հանրության առաջ՝ լավ հասկանալով, որ Հայաստանում չի կարող ունենալ աշխատանքային այլ գործընկեր, քան հանրային լեգիտիմության վրա հիմնված իշխանությունը:

Վենետիկի այդ արձագանքից հետո իշխանությունը փաստորեն կատարեց կոշտ քայլ դատական համակարգում, անշուշտ ընդդեմ այն շրջանակների, որոնք փորձել են քաղաքական դիմադրությունը տեղափոխել դատարան, օգտվելով դատական համակարգում ստատուս-քվոյում ունեցած թեկուզ համեմատական առավելությունից: ՀՔԾ գործողությամբ իշխանությունը ցույց է տալիս, որ այդ ստատուս-քվոն ինքնին չի կարող լինել վճռորոշ, քանի որ գերական, անշուշտ, հեղափոխությամբ հաստատված համապետական ստատուս-քվոն է, որն առայժմ կասկածի տակ չէ և չի կարող լինել մի շարք պատճառների և հանգամանքների բերումով, ընդ որում՝ դրանց մի ծանրակշիռ մասն էլ կապ չունենալով գործող իշխանության արդյունավետության հետ: Ընդ որում, հանրային զարգացման տեսանկյունից այդ վերջին հանգամանքը այնքան էլ դրական չէ: Մյուս կողմից, սակայն, այդ իրավիճակը գեներացնում է նախորդ իշխող համակարգը, իր տարբեր շրջանակներով՝ հանրությանը զրկելով քաղաքական մրցակցության հաճույքից, որովհետև նախկին համակարգը գոնե տեսանելի ապագայում չի կարող լինել մրցակցության կողմ օբյեկտիվորեն, անգամ նոր դեմքերով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...