«Իջևանում բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ ավելի։ Պարզ է, որ դա կարող է նաև կազմակերպված լինել ինչ-որ մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգիռ են այդ հարցում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց փոխոստիկանապես Վլադիմիր Մովսիսյանը։

Հարցին, թե կա՞ն օպերատիվ տվյալներ, թե ովքեր են ապօրինի անտառահատումների ու փայտանյութի բիզնեսի իրական ղեկավարները, նա պատասխանեց, որ իհարկե կան օպերատիվ տվյալներ, բայց դրանք դեռևս չեն հնչեցվում։

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են, այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին։ Ձայնագրություններով և այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք, և այդ ցուցակն այդ քանակով առաջացել է»,- ասաց նա։

Նա նշեց, որ խոսքը չի գնում սոցիալապես անապահով մարդկանց մասին, խոսքը գնում է զուտ բիզնեսի մասին, Արարատյան դաշտավայրում կամ այլ հատվածներում, որտեղ անտառ չկա, վաճառելու մասին է խոսքը։

«Բայց սոցիալական խնդիր այստեղ չկա, քանի որ այն քանակը փայտի, որը գյուղացիները և այդ համայնքների բնակչությունը օգտագործում է իր վառելիքի համար, դա բավարար է իրենց համար»,- նշեց նա։

Հարցին, թե երեկվա ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների ու  ձերբակալվածների մեջ այդ բիզնեսի ղեկավարները կա՞ն, նա պատասխանեց, որ իր կարծիքով՝ չկան։ Այն մարդիկ են բերման ենթարկվել, ովքեր ակտիվ են եղել ոստիկանական աշխատանքներին հակազդելու մեջ։

Հարցին, թե ինչո՞ւ նախորդ տարիների ընթացքում չի բացահայտվել այդ կոռուպցիոն սխեման, փոխոստիկանապետը պատասխանեց. «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք այն հանրապետությունն ենք և այն բնակչությունը, որ շատ լավ տեղեկացված է բոլոր պրոցեսներից: Այնպես չէ, որ այդ աշխատանքները ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ չեն իրականացվել ոստիկանության կողմից, դրանք եղել են ակտիվ փուլում, այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը, դա իհարկե առանձին քննարկման խնդիրներ են, դրանք եղել են, բացասական երևույթները և կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու և Տավուշի մեր անտառային տարածքներում մոտ 30 տարի, կարելի է ասել, եղել են այդ դեպքերը»:

Ըստ նրա՝ դա եղել է որպես բիզնես և, ինչպես նշեց վարչապետը, սևագործ աշխատանքն իրականացնոցները երևի թե չեն հարստացել, բայց մի խումբ մարդիկ, որոնք ղեկավարել են և ստվերում են գտնվել, նրանք հարստացել են:

«Այս պահին իրավիճակն այնտեղ կայուն է, և չեմ կասկածում, որ կհրավիրվեն մարդիկ քննության ընթացքում։ Եթե պարզվի այդ մարդկանց ինքնությունն ու մասնակցությունը ապօրինի ծառահատման գործում, անպայման կհրավիրվեն և կպատժվեն: Չի կարելի պետությանը դնել պայմաններ, որոնք անօրինական են»,- ասաց նա։

Ըստ Մովսիսյանի՝ ոստիկանությունն իհարկե աշխատում է բնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք ունի, դա ամրագրված է օրենքով։

«Մենք ունենք այսօր երևույթներ, որ ճանապարհներ են փակվում, որոշ դեպքերում կարող է թվալ, որ դրանք արդարացի են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է զուտ օրենքի կետից ելնելով։ Նախկինում ուժ էր կիրառվում, դրա համար էլ հեղափոխություն եղավ»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...