Իջևանի ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք

- in Կեղտոտ լվացք
police cuyc

Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է:

Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է եւ դրա բերած շահույթների շուրջ տարիներ շարունակ ձեւավորվել են կայուն կլաններ: Նախկինում նրանք իրենց ապահով էին զգում: Սակայն հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց եւ գործող իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ արդյունաբերական ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Եւ վերջին օրերին օղակը սեղմվեց ու խնդիրը սրվեց:

Վերը նշված կլանները, որոնք արդեն հաջողացրել են մարզի տարածքում նույնիսկ փայտավերամշակման փոքր գործարաններ ստեղծել եւ ապօրինի հատված ծառերից «տախտակ քաշել», օգտվելով դեռ նախկինից մնացած որոշակի կիսակրիմինալ բնույթի ազդեցությունից կազմակերպել են այս այսպես կոչված «բողոքի ակցիաներ» ու փակել միջպետական ճանապարհը: Ակցիաների մասնակիցների շարքերում իհարկե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ այս «պայքարը» հիմքում սոցիալական խնդիրներ ունի, բայց հենց Տավուշում շատերը համոզված են, որ այս իրադարձությունները խիստ որոշակի խմբերի խիստ որոշակի բիզնես շահերի սպասարկման նպատակ ունեն: Եւ ոչ միայն բիզնես շահերի:

Երեկ տեղեկություններ ստացվեցին, որ «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, որը տարիների ընթացքում հասցրել է մարզում լուրջ բիզնեսներ հիմնել: Վերջինս այս խժդժությունների մեջ հետապնդում է հիմնականում քաղաքական շահեր: Այս ակցիաները, նրա համոզմամբ, նպաստելու են գործող իշխանության վարկանիշի նվազմանը եւ նա, բնականաբար ոչ հրապարակային, ամեն կերպ աջակցել է դրանց «տեսարժանության» ապահովմանը:

Ակնհայտ է, որ Իջեւանում տեղի ունեցածը պետք է նախ կոշտ արձագանքի արժանանա, եւ մանրամասն ու հետեւողականորեն քննվի ու բացահայտվի տեղի ունեցածի մեջ յուրաքանչյուրի մասնակցության չափն ու բովանդակությունը:

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Այս մասին այսօր Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը:

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը ասաց, որ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։

«Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱԱԾ-ն բոլոր անտառային տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգարվված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։

ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ արեց այլեւս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղավ երեկ։

«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ»,- ասաց Վանեցյանը։