Լավրովը հրաժարվե՞լ է Արցախից

Sergey Lavrov

Սլովակիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական Վեհաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ:

http://lragir.amՎաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպումը փաստացի առաջինն էր: Իսկ այստեղ հետաքրքիր է հանգամանքը, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ոչ միայն Մամեդյարովի, այլ դրանից առաջ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ավելին, վաշինգտոնյան այցի կարեւոր հանդիպումը թերեւս հենց դա էր, ոչ թե հանդիպումը Մամեդյարովի հետ: Իսկ Բոլթոնի հետ հանդիպումը հետաքրքիր է այն հանգամանքի ֆոնին, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականն է կարծես թե համակարգում ռեգիոնալ քաղաքականության հարցերը ՌԴ հետ: Ի վերջո, հարկ է հիշել, որ Կովկաս ռեգիոնալ այցը Ջոն Բոլթոնը նախորդ տարի սկսեց հենց Մոսկվայից՝ Պուտինի եւ Լավրովի հետ հանդիպումներով, որից հետո լինելով կովկասյան երկրներում, Հայաստանում արեց աննախադեպ հայտարարությունը՝ Երեւանին ամերիկյան զենք մատակարարելու հնարավորության մասին:
Գործնականում, ԱՄՆ նախագահի խորհրդականի այդ հայտարարությունը Հայաստանի նոր իշխանության ձեռքին տրված խաղաքարտ կամ երաշխիք էր Ռուսաստանի հետ հարաբերության վերափոխման բարդ եւ դժվարին գործընթացի համար, ինչի վերաբերյալ ըստ ամենայնի Բոլթոնը Հայաստան ժամանելուց առաջ խոսել էր Մոսկվայում եւ առնվազն շոշափել տրամադրություններ:

Ի դեպ, պետք չէ բացառել ընդհուպ այն, որ Բոլթոնը Երեւանում աննախադեպ հայտարարությամբ բարձրաձայնել էր Մոսկվայի որոշակի «խնդրանքը», որովհետեւ Կրեմլն էլ ունի այդպիսի խաղաքարտի կարիք՝ արդեն Ռուսաստանում առկա տնտեսա-քաղաքական ստատուս-քվոյի առնչությամբ, որում առկա են ՌԴ ազդեցիկ խմբեր, որոնց համար հայ-ռուսական այսպես ասած հին հարաբերությունը եղել է թե դիրքային, թե փողային շոշափելի ռեսուրս, եւ նրանք պատրաստ չեն հենց այնպես հրաժարվել այդ դիրքից եւ ռեսուրսից:

Մինչդեռ, Կրեմլն ունի դրա քաղաքական անհրաժեշտությունը, ոչ թե բարի կամքի, այլ հենց զուտ ռազմա-քաղաքական խնդիրների եւ ռիսկերի իրողություններից ելնելով, որոնց հետ բավականին կոշտ առերեսվեց նաեւ իր իսկ քաղաքականության հետեւանքով առաջացած ապրիլյան քառօրյա պատերազմում եւ դրանից հետո:

Այդ իմաստով, Մնացականյան-Լավրով հանդիպումը անկասկած տեղի է ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրողությունների եւ ռազմա-քաղաքական վերափոխումների շրջանակում, որը ներառում է ռեգիոնալ լայն գործընթացներ՝ հայ-ռուսական հարաբերությունից մինչեւ Արցախի հարցում Երեւանի շեշտադրումների փոփոխություն, աշխարհքաղաքական ստատուս-քվո Վրաստանում, ամերիկա-իրանյան լարվածություն:

Հատկանշական է, որ Լավրովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը այցելել էր Արցախ, որտեղ արել է մի քանի կարեւոր քաղաքական հայտարարություն բանակցային գործընթացի մասին Արցախի «սեփականության զգացումը» վերականգնելու մասին, այդպիսով թերեւս ակնարկելով Արցախի նախագահի ընտրության համատեքստում հայկական եւ այդ թվում որոշ ռուսական էմիսարական շրջանակների շոշափած՝ Արցախի նկատմամբ Ռուսաստանի «մանդատային սեփականության զգացման» գաղափարի մերժման մասին:

Դա թերեւս նաեւ Վաշինգտոնի հանդիպման առանցքային արդյունքներից է: Մոսկվան գործնականում ընտրության առաջ է՝ հավակնել Արցախում «միանձնյա մանդատի՞», կանգնելով Կովկասում ամբողջ մանդատը կորցնելու ռիսկի առաջ, թե՞ պահպանել Կովկասի անվտանգային նոր համակարգում իր բաժնեմաս-մանդատը՝ հայկական պետականության հետ նոր որակի հարաբերությամբ, վերջնականապես հրաժարվելով Արցախում հայկական միանձնյա մանդատը իրենով փոխելու հնացած պլաններից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան