6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել են քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի բնակարանները:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվել են, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Չի բացառվում, որ խուզարկությունները կատարված լինեն «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հյատնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակում:

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...