Gagik Carukyan

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, հայրենակիցների հետ կապի, եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:

http://lragir.am Ծառուկյանը քննարկել է հայ-ռուսական բարեկամության հարցեր, նաեւ խոսել ԲՀԿ-Եդինայա Ռոսիա գործակցության, հայ-ռուսական հարաբերության գործում դրա կարեւորության մասին:

Գագիկ Ծառուկյանի Մոսկվա աշխատանքաին այցը կարող է գնահատվել ճակատագրական, առնվազն այն իմաստով, որ ԲՀԿ նախագահը Մոսկվայում թերեւս կփորձի պարզել իր քաղաքական ճակատագրի հետ կապված տրամադրություն եւ հեռանկար: Բանն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեւական ժամանակ է ծավալվում են նշանակալի գործընթացներ, որոնց մեկնարկը «տրվեց» Ռոբերտ Քոչարյանի ազաատ արձակման դատավճռով:

Երկրորդ նախագահը ներկայում դարձյալ կալանքի տակ է, իսկ նրա ազատ արձակումով մեկնարկած գործընթացը շարունակվում է եւ այն ներառել է ներքին ու արտաքին քաղաքական լայն շրջանակներ, ինչի մասին է վկայում նաեւ ՌԴ դեսպանի աշխուժությունն այդ գործընթացում:

Միաժամանակ, այդ ընթացքում տեղի ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը, որը նշմարեց Կարապետյանի հետհեղափոխական սառնության փոխակերպման հնարավորություն: Դա տեղի ունենալու, նրա ներդրումային ծրագրերը ամբողջ ծավալով վերսկսելու եւ ավելացնելու պարագայում Գագիկ Ծառուկյանը կարող է կորցնել իր «քաղաքական առավելություններից» մեկը կամ թերեւս միակը՝ ֆինանսական ռեսուրսը: Մի բան, որի մասին նա ակնարկել է մի քանի անգամ, թե տնտեսական հեղափոխությունն առանց փողի լինել չի կարող, փաստացի նշագրելով իր դերն ու նշանակությունը այդ գործընթացում:

Մինչդեռ, եթե ապահովվում է ներդրումային հոսք, իսկ Սամվել Կարապետյանը դա կարող է անել, ապա Ծառուկյանի քաղաքական դերակատարումը նվազում է էապես: Առավել եւս, որ զուտ այսպես ասած քաղաքական կարգավիճակի առումով էլ նրան լրջագույն ձեռնոց է նետել Ռոբերտ Քոչարյանը, փաստացի իրեն հայտարարելով նոր իշխանության առանցքային ընդդիմություն եւ ստիպելով մյուս հավակնորդներին կամ հայտնվել մարգինալ վիճակում, կամ միանալ իրեն, կամ բացահայտ դուրս գալ իր դեմ:

Այդ իրավիճակում էլ ԲՀԿ նախագահի համար առնվազն կարիք կա պարզել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի դեմ գնալը չի նշանակելու դեմ գնալ Ռուսաստանին:

Կբավականացնի՞ Ծառուկյանի մեկ աշխատանքային այցը բոլոր առանցքային պատասխանները ստանալու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...