Putin

ԶԼՄ-ները վերջին շրջանում տեղեկություններ են հրապարակում երկրների նախագահների մահվան մասին: Նախ տեղեկություններ եղան Ղազախստանի առաջնորդ Նազարբաեւի, հետո Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի մահվան մասին: Այս տեղեկությունները հերքվեցին:

Հերքվեց նաեւ տեղեկությունը Պուտինի բարեկամի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի մահվան վերաբերյալ:

Այս լուրերը հատկապես ակտիվ շրջանառվեցին ռուսական ԶԼՄ-ներում: Ռուս ազատամիտ փորձագետներն այս կապակցությամբ տարբեր եզրահանգումներ են անում: Փորձագետների մի մասի դիտարկումներով, ռուսական ԶԼՄ-ներում նկատվում է որոշակի խանդ, մյուս մասն էլ գտնում է, որ նկատելի է որոշակի ուրախություն այդ լուրերի հերքման կապակցությամբ:

Նախագահների մահվան մասին լուրերի ֆոնին, հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ Մոսկվայում: Պուտինն ընդունել էր Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաեւին, ով իր հայենիքում մեղադրվում է քրեական հանցագործության մեջ: Նրան ըստ երեւույթին ապաստան կտան Ռուսաստանում, ինչպես Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին: Դա կարեւոր է Պուտինի համար, քանի որ նախկին նախագահների քրեական հետապնդումը հետխորհրդային տարածքում միայն վատ նախադեպեր է ստեղծում:

Ռուսաստանը գտնվում է իր պատմության մեջ թերեւս ամենանվաստ շրջափուլերից մեկում: Երկրում մոլեգնում են անզուսպ գողությունն ու կոռուպցիան, կղերա-չինովնիկական եւ հատուկ ծառայությունների ամենաթողությունը: Դեգրադացիան ու կյանքի որակի անկումը շարունակվում է: Չնայած մառազմատիկ պրոպագանդային, ռուսաստանցիների ավելի ու ավելի լայն շերտեր են դադարում հավատալ հոգեւորության ու մեծության վերաբերյալ քարոզչական անհեթեթություններին:

Փորձագետները նշում են, որ առաջիկա երկու տարիները լինելու են քաղաքական ու տնտեսական ճգնաժամի խորացման տարիներ, եւ Կրեմլի առջեւ դրված է իշխանության տրանզիտի հարցը:

Այս ֆոնին, նախագահների խնդիրը Պուտինի եւ ընդհանրապես ռուսական «իստեբլիշմենտի» համար ձեռք է բերում առանձնահատուկ երանգ: Պուտինի վարկանիշը ներկայում անկում է ապրում, անկում է ապրել նաեւ իշխող կուսակցության վարկանիշն, այն աստիճան, որ ներկայիս մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության ներկայացուցիչները առաջադրվում են ոչ կուսակցության կողմից:

Կմնա՞ Պուտինը, եւ ի՞նչ կարգավիճակով ու հիմնավորմամբ, թե կհեռանա: 2024-ի՞ն, թե դրանից առաջ: Ռուսական շրջանակներում տարբեր սխեմաներ ու սցենարներ են քննարկում, ղազախական տարբերակից մինչեւ արյունալի ցնցումներ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով երբեք չի եղել եւ թերեւս չի էլ լինի տեսանելի հեռանկարում:

Միեւնույն ժամանակ, իշխանության տրանզիտի խոսակցությունների ֆոնին կտրուկ սրվել է իստեբլիշմենտի տարբեր ազդեցիկ խմբերի եւ ուժային կենտրոնների միջեւ դաժան եւ արդեն արյունալի պայքարը նվազող ռեսուրսների ու նոր դիրքերի համար:

Անկասկած, այս իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այս իրավիճակում ամենեւին էլ տափակաբանություն չի կարող հնչել, եթե ասենք, որ Հայաստանին պետք է կայունություն Ռուսաստանում: Խոսքը խիստ կոնկրետ իրավիճակի մասին է, որում գտնվում է Ռուսաստանը, ցավոք կամ պատմության դաժան տրամաբանությամբ:

Ռուսաստանում իշխանության տրանզիտին՝ իր բոլոր դրսեւորումներով, Հայաստանը պետք է ուշադիր հետեւի, այդ ընթացքում արագացնելով Զինված ուժերի հագեցումն ու կարողությունների մեծացումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...