«Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը Ռոբերտ Քոչարյանը հրապարակ է բերում նաև Սերժ Սարգսյանից որոշակիորեն ապահովագրվելու համար

- in Վերլուծական
Serj Robert

«Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը բնականորեն ձևավորվելիք ձևաչափ է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հուլիսի 29-ին ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա ասել է, որ Քոչարյանն ու գրասենյակը որևէ կապ չունեն յոթ կուսակցությունների հայտնի հայտարարության հետ՝ դատաիրավական համակարգի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, որ յոթյակը հռչակել էր դատական իշխանության յուրացում և հայտարարել, թե շարունակվելու դեպքում պայքարելու է դրա դեմ: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը չի մանրամասնել, թե արդյոք յոթ կուսակցությունները կարո՞ղ են դառնալ այն միավորման հիմք կամ մեկնարկ, որի մասին մի քանի անգամ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ հերթական անգամ կալանավորվելու նախօրեին էլ հռչակելով «Կոնսենսուս մինուս մեկ», այսպես ասած, ընդդիմադիր ձևաչափը: Նրա գրասենյակի ղեկավարն այսօր հայտարարել է, որ դա բնական ձևաչափ է, և իշխանության ներկայիս քաղաքականությունը բերելու է նրան, որ բոլոր առողջ ուժերը միավորվելու են ընդդեմ իշխանության:

Ռոբերտ Քոչարյանի դիրքից լիովին հասկանալի է այն տրամաբանությունը, որ առաջ է քաշվում: Քոչարյանը քաղաքականությունը հենց սկզբից ներառել է որպես իր պաշտպանության առանցք և բնականաբար շարունակում է զարգացնել այն: Իհարկե, միարժեք ասել, որ նրա համար դա լոկ պաշտպանություն է և ոչ թե նաև ավելի երկարաժամկետ պլան, կամ ավելի լայն ուժի պլանի մաս՝ բավականին դժվար է, թեև ակնառու է նաև, որ առնվազն ներկայիս հանգամանքը՝ պաշտպանական, թե լայն քաղաքական, օգտագործում են նաև արտաքին մի շարք շրջանակներ Ռուսաստանից:

Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս՝ առայժմ, տեսանելի չի ընդդիմանում դրան՝ թերևս համարելով, որ ինքն էլ ոչ թե կօգտագործվի, այլ կարող է հնարամտորեն Ռուսաստանի շրջանակների շահագրգռությունն օգտագործել իր պլանների ու շահերի համար: Եթե իհարկե չդիտարկենք նաև այն տարբերակը, որ երկրորդ նախագահը մի շարք հանգամանքների և թելերի բերումով ուղղակիորեն չի գտնվում այդ ուժերի ազդեցության ներքո:

Եթե փոքր-ինչ սահմանափակենք այդ շրջանակով դիտարկումների դիապազոնը և գնահատենք իրավիճակը ներքին տրամաբանության մեջ, ապա Ռոբերտ Քոչարյանը սկսել է ընդդիմադիր համարվող դաշտի ագրեսիվ նվաճման քաղաքականություն՝ սահմանելով որոշակի նշաձողեր, որոնք գործնականում բոլոր ուժերին դնելու են երկընտրանքի առաջ՝ կա՛մ իշխանության հետ են, կա՛մ Ռոբերտ Քոչարյանի:

Այստեղ՝ այդ դիլեմայում, որպես սուբյեկտ չհայտնվելու համար գործնականում որոշակի «ելք» ունի ՀՀԿ-ն՝ բացառապես իհարկե Սերժ Սարգսյանի շնորհիվ, որն առայժմ ավելացնում է իր հրապարակային գործունեության տեսակարար կշիռը, սակայն խաղում է բավականին փակ: Ավելին, այդ իմաստով «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը Ռոբերտ Քոչարյանը հրապարակ է բերում նաև Սերժ Սարգսյանից որոշակիորեն ապահովագրվելու համար: Բայց ապահովագրության ամենամեծ խնդիրը՝ քաղաքական իմաստով, կանգնում է խորհրդարանի երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» առաջ: