Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:

«Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը:

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Փաշինյանն այդ մասին գրառում է արել Վիետնամից, որտեղ գտնվում է այցով, իսկ այնտեղից էլ մեկնելու է Սինգապուր: Պուտինը Փաշինյանի հետ զրուցել է փաստորեն Իտալիա եւ Վատիկան կատարած այցից անմիջապես հետո, որտեղ նա հանդիպել է թե Իտալիայի ղեկավարների, թե Հռոմի Պապի հետ:

ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին վարչապետ Փաշինյանի գրառումից որոշ ժամանակ անց հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Կրեմլի պաշտոնական կայքը: Թե Փաշինյանը, թե Կրեմլի հաղորդագրությունը նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԵՏՄ շրջանակում գործակցության, ԵՏՄ արտաքին կապերի, նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովի հարցը:

Հայաստանի վարչապետի եu Պուտինի հեռախոսազրույցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրություններում կա բավական նուրբ մի տարբերություն: Նշվում է, որ խոսվել է նաեւ ՀԱՊԿ շրջանակի առնչվող հարցերի մասին: Սակայն, եթե Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ խոսվում է գործակցության հետ կապված հարցեր քննարկելու մասին, Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ կա այլ ձեւակերպում. «բացի այդ, դիտարկվել է ՀԱՊԿ գծով գործակցության խնդիրը (ռուսական բնագրում օգտագործված է проблематика сотрудничества ձեւակերպումը):

Անկասկած է, որ ձեւակերպումներն այդօրինակ դեպքերում պատահականություն չեն: Ըստ այդմ, ի՞նչ է ակնարկում Կրեմլի հաղորդագրությունը, առավել եւս նկատի ունենալով այն, թե ինչ էր խոսել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մինսկում ունեցած հանդիպմանը: Նա հայտարարել էր, թե Հայաստանն ու Բելառուսը միակարծիք են միջազգային օրակարգի հարցերում: Եղան փորձագետներ, որ այստեղ նկատեցին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի թեմայի շուրջ Երեւան-Մինսկ դիմակայության ակնարկ, երբ Բելառուսը փորձում էր իր թեկնածուին ժամանակից շուտ դնել հետ կանչված Խաչատուրովի տեղը, իսկ Երեւանն ընդդիմացավ դրան մինչեւ վերջ:

Երեւանը նշում էր սակայն, որ հայկական կողմի համար կարեւորը քարտուղարի քվոտան չէ, այլ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթը, որպեսզի հստակ լինի՝ այդ կառույցը դաշնակի՞ց է մեզ, թե՞ դաշնակից է Ադրբեջանին եւ գործում է Հայաստանի դեմ:

Ի՞նչ վիճակում է այդ հարցը եւ արդյոք այդ խնդիրը նկատի ունի Կրեմլը, թե՞ այլ խնդիրներ: Հատկանշական է նաեւ, որ նույն Մինսկում տեղի էր ունեցել Պուտինի զրույցը Արմեն Սարգսյանի հետ, եվրոպական խաղերի փակման արարողությանը: Նախագահ Սարգսյանը հետո հայտարարել էր, թե Պուտինի հետ խոսել են ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Իսկ ՀԱՊԿ-ից խոսե՞լ են:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը գործնականում առերեսման է բերել ՀԱՊԿ-ը, առերեսման հենց իր իսկ հետ՝ այսինքն ռազմա-քաղաքական դաշինքի տառի եւ ոգու հետ: Դաշինքի մնացյալ անդամները կանգնել են կամ խոստովանելու առաջ՝ որ ՀԱՊԿ-ը որպես դաշինք բացարձակապես պետք չէ իրենց, կամ Հայաստանի ռազմա-քաղաքական շահի առանցքի շուրջ դիրքավորվելու անհրաժեշտության առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...