Zinvor

Վերջին օրերին հակառակորդը Նախիջանի ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում։ Այս գիշեր կրակել են Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։

Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանն ասաց, որ մի քանի օր է, ինչ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։

«Այս գիշեր էլ կրակոց է եղել, ինչի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տանիքը, գյուղի ամենավերևի տունն է», – ասաց նա։

Գյուղապետը նշեց, որ հուլիսի 11-ին էլ է կրակոց եղել, ինչի հետևանքով ցորենի արտ է հրդեհվել։

«Ամենաաշատը կրակել են ամսի 13-ին, կրկին արտ է հրդեհվել, բայց գյուղի երիտասարդների ջանքերով մարվել է հրդեհը», – նշեց նա։

Խորեն Ավետիսյանն ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցները դադարել են։

Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը կրակել էր նաև սահմամամերձ Խաչիկ գյուղի ուղղությամբ։

Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասել էր, որ հակառակորդի կրակոցից հրդեհ է բռնկվել իրենց գյուղի սահմանին։

«Մինչև գիշերը ժամը երկուսը կրակ ենք հանգցրել, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ հաջողվեց մարել կրակը, կարելի է ասել՝ մեծ ծավալի վնաս չի եղել», – ասել էր նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...