Հայաստանի համար վտանգավոր նշանակում Մոսկվայում

- in Կեղտոտ լվացք
ator-portfel

Ռուսական Կոմերսանտը գրում է, որ ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնում Գրիգորի Կարասինին փոխարինելու երեք հավակնորդներից ամենահավանական է դիտվում Իվան Վոլինկինը: Կարասինը պաշտոնը թողնելու է օրենքի համաձայն՝ 70-ամյակը լրանալու կապակցությամբ: Իվան Վոլինկինը 60 տարեկան է: Նա Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանն էր 2013-ից մինչեւ 2018 թվական:

 http://lragir.amԻվան Վոլինկինը Հայաստանում պաշտոնավարել է երկրի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում, փաստացի գլխավորելով Հայաստանի ինքնիշխանության դեմ այն լայնաճակատ գրոհը, որ վճռորոշ փուլ մտավ հենց 2013 թվականին եւ գագաթնակետին հասավ 2016 թվականի ապրիլին:
Իվան Վոլինկինը, որ մինչ այդ դեսպան էր եղել նաեւ Վրաստանում եւ որին վրացական պետության դեմ գործելու համար վտարել էր այն ժամանակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Հայաստանում դեսպան է նշանակվել 2013 թվականի մարտի 21-ին, իսկ մայիսի 25-ին ստանձնել պաշտոնը:

Այդ ժամանակ Հայաստանի եվրասիական բռնակցման գործընթացը մտնում էր վճռորոշ փուլ՝ Եվրասոցացման գործընթացի բանակցության հաջող ավարտին զուգահեռ: 2013-ի ամռանը հայտարարվեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի մոտ 4 տարի տեւած բանակցության հաջող ավարտի մասին, բայց սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «գիշերային» շրջադարձը եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում՝ Եվրասիական միություն մտնելու մասին:

Իհարկե, «գիշերային շրջադարձը» նախապատրաստվել էր ավելի երկար, ու հետագայում էլ իհարկե ուղեկցվում էր համալիր գործողություններով՝ ներքին ու արտաքին ճնշմամբ, անվտանգության սպառնալիքով ու շանտաժով, որ հնչում էին Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական շրջանակներից, ուղեկցվում Ադրբեջանին բազմամիլիարդ սպառազինության վաճառքով եւ ապահովվում Բաքվի սահմանային ագրեսիայով:

Ներքին դաշտում գրոհը կառուցված էր Սերժ Սարգսյանի դեմ այսպես կոչված ոչիշխանական բեւեռի ձեւավորմամբ, դրան կից տեղեկատվա-փորձագիտական դաշտով, որտեղ գլխավոր խնդիրը հայկական ինքնիշխանության դեմ ռուսական քաղաքականության հետեւողական լեգիտիմացումն էր, այդ քաղաքականության ճակատագրական վտանգների եւ մոտալուտ պատերազմի մասին ահազանգողների թիրախավորումն ու Սերժ Սարգսյանի «եվիասիական ճանապարհի» նահանջի ճանապարհի փակումը:

Այդ ամենի հրամանատարությունը վստահված էր Իվան Վոլինկինին, որն իր գործը փաստորեն կատարեց բարձր արդյունավետությամբ, ինչից հետո Հայաստանի ոչիշխանական բեւեռը ռուսական նույն փորձագիտական շրջանակը որակեց իբրեւ «կլոունադա», եւ Սերժ Սարգսյանին տրվեց այն ցրելու իրավունք, քանի որ Հայաստանն այլեւս «ոտքով ու գլխով» ԵՏՄ-ում էր:

Մնացյալը պետք է աներ ոչ թե ոչիշխանական բեւեռը, այլ ադրբեջանական բանակը: Չէին հաշվարկել միայն հայկական բանակի եւ հանրության կամավորական ուժը: Ավելի շուտ, հաշվարկել էին թերեւս միայն նյութական ռեսուրսներով, գնահատելով Ադրբեջանին տված ահռելի առավելությունն ու չկասկածելով, որ Հայաստանի բանակը եւ հանրությունը չունեն դիմադրության որեւէ ներուժ, առավել եւս ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում:

Բանակը եւ հանրությունը ցույց տվեցին, որ նրանք սխալվել են: Իրավիճակը փոխվեց: Երկու տարվա «միջանկյալ» հարաբերականությունից հետո տեղի ունեցավ այդ փոփոխության քաղաքացիական-քաղաքական ամրագրումը՝ թավշյա հեղափոխությունը:

Վոլինկինը դարձավ բացարձակ ավելորդ, եւ ժամանեց Կոպիրկինն իր «փափուկ» ուժով: Այժմ Վոլինկինին ինչ որ ուժեր փորձում են տեղավորել ԱԳՆ տեղակալի պաշտոնում: Բանն այն է, որ այդ պաշտոնի համակարգման ներքո է նաեւ Արցախի հարցը, իր աշխարհքաղաքական նշանակալիությամբ եւ ընդգրկումով: Հնարավոր այդ նշանակումը մեծ հավանականությամբ տեղավորվում է նաեւ Ռուսաստանում իշխանության հասունացող դիլեմայի եւ անորոշության շրջանակում էլիտաների պայքարի համատեքստում:

Հաշվի առնելով  այդ ընդգրկումն ու Վոլինկինի հայաստանյան գործունեությունը, նրա նշանակման պարագայում Հայաստանից պահանջվելու է բարձր զգոնություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան