dzerq

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի սկզբին կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

ՀՀ վարչապետի այցին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստան-Վիտենամ, Հայաստան-Սինգապուր դիվանագիտական հարաբերությունների նկարագիրը, ինչպես նաև տնտեսական թարմ ցուցանիշներ:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին: 1992թվականից երկու երկրների միջև եղել են փոխայցեր տարբեր մակարդակներով: Մասնավորապես, 1992 թվականի դեկտեմբերին Վիտենամ է այցելել ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, 2002թվականին օգոստոսին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, 2012թվականի փետրվարին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, 2012թվականի հունիսին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2015թ. հոկտեմբերին Հայաստան է այցելել ՎՍՀ արդարադատության նախարար Հա Հունգ Կուոն:

Այս տարիների ընթացքում երկու երկրները կնքել են մի շարք համաձայնագրեր տարբեր ոլորտների հետ կապված՝ մշակութային և գիտատեխնիկական, կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, առևտրատնտեսական, զբոսաշրջության համագործակցության վերաբերյալ և այլն:

Տնտեսական ցուցանիշներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին տված տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ 2018 թվականին կազմել է 46,95 մլն. ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա համեմատ աճել է 34,4 տոկոսով (2017 թվականին կազմել է 34,94 մլն.ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Վիետնամ կազմել է 0,57 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,6 անգամ (2017 թվականին կազմել է  0,16 մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին Վիետնամից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 46,4 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 33,4 տոկոսով (2017 թվականին կազմել է 34,78 մլն.ԱՄՆ դոլար):

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Վիետնամի հետ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 16,98 մլն. ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28,0 տոկոսով (2018 թվականին կազմել է 13,27 մլն.ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Վիետնամ կազմել է 0,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,4 անգամ (2018 թվականին կազմել է  0,026 մլն.ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վիետնամից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 16,8 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26,8 տոկոսով (2018 թվականին կազմել է 13,25 մլն.ԱՄՆ դոլար):

2018 թվականին ՀՀ-ից Վիետնամ հիմնականում արտահանվել են՝ շոկոլադե արտադրանք, սիգար և սիգարետներ, ալկոհոլային խմիչք: 2018 թվականին Վիետնամից ՀՀ  հիմնականում ներմուծվել են՝ սուրճ, բջջային ցանցի կամ այլ կապի հեռախոսային ապարատներ, կոշկեղեն, տպագրական սարքավորումներ, տեքստիլե արտադրանք, համակարգիչներ և դրանց բլոկեր:

Սինգապուրի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 1-ին:  Երկու երկրների միջև եղել են փոխայցեր տարբեր մակարդակներով: 2005թ. հոկտեմբերին Սինգապուր այցելել է ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը, 2012թ.  փետրվարին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, 2012 թ.  մարտին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2009թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել ՍՀ ավագ-նախարար Լի Քուան Յուն, 2016թ. մարտին՝ ՍՀ առևտրի և արդյունաբերության նախարար Դր Կոհը: Երկու երկրները կնքել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին, մշակույթի ոլորտում համագործակցության, օդային հաղորդակցությունների մասին:

Տնտեսական ցուցանիշներ

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Սինգապուրի Հանրապետության  հետ 2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 51,1 տոկոսով (2017 թվականին կազմել է 4,5 մլն ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սինգապուր կազմել է 0,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 51,0 տոկոսով (2017 թվականին կազմել է  1,43 մլն.ԱՄՆ դոլար): 2018 թվականին Սինգապուրից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50,8 տոկոսով (2017 թվականին կազմել է 3,11 մլն ԱՄՆ դոլար):

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը  Սինգապուրի հետ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 1.06 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 51.8 տոկոսով (2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սինգապուր կազմել է 0,58 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.7 տոկոսով (2018 թվականին կազմել է  0,68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Սինգապուրից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 0.47 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 68.7 տոկոսով (2018 թվականին կազմել է 1.5 մլն.ԱՄՆ դոլար):

2018 թվականին ՀՀ-ից Սինգապուր հիմնականում արտահանվել են՝ անմշակ ալյումին, ժամացույց թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից, թարմ միրգ (ծիրան, բալ, կեռաս):

2018 թվականին Սինգապուրից ՀՀ  հիմնականում ներմուծվել են՝ նավթ և նավթամթերք՝ ոչ հում,  համակարգիչներ և դրանց բլոկեր, սարքեր և ապարատներ, ոսկերչական իրեր, օպտիկական մանրադիտակներ, մարտկոցներ, օրթոպեդիկ հարմարանքներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...