Հայաստանի նախկին իշխանության «իրավա-քաղաքական» շրջանակներում մեծ աղմուկ են բարձրացրել Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը եւ հայտարարությունը:

Այս արձանագրությունը հանրությանը հասանելի է դարձրել նախկին պաշտոնյաների հիմնած «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, տարածելով հայտարարություն, ըստ որի Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր» – «անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։
«Իրավունքի Եվրոպա» Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի նիստում արձանագրվել են ՍԴ նախկին անդամ Վարդան Պողոսյանի պնդումները: Ըստ Վենետիկի հանձնաժողովի կայքի, հանձնաժողովի անդամները Հայաստանից Վարդան Պողոսյանը և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն են:

Ինչպե՞ս այս փաստաթուղթը առաջինը հասավ նախկին իշխանության ներկայացուցիչներին, եթե հասանելի է միայն գաղտնաբառով և սահմանափակ թվով անձանց, ասել է Լուսինե Հակոբյանը. «Դա չէր կարող հենց այնպես հայտնվել նախկին իշխանության ձեռքում՝ չլինելով հրապարակային փաստաթուղթ»։

Պետք է նշել, որ սա եվրոպական կառույցների հետ կապված առաջին փաստաթուղթը չէ, որ առաջինը հայտնվում է նախկինների ձեռքում: Երեւում է կամ եվրոպական կառույցները գաղտնաբառերը հաճախ չեն փոխում, կամ էլ փոխելուց հետո առաջինը տեղեկացնում են նախկիններին:

Խնդիրն այն է, որ այդ կառույցները տարիներ շարունակ աշխատել են նրանց հետ, ահռելի գումարներ հատկացրել տարբեր ոլորտների «բարեփոխումների» համար, որոնք ունենալով արտաքին գեղեցիկ փաթեթավորում՝ չեն կիրառվել գործնականում: Դրանց իմաստը եղել է հենց արտաքին փաթեթավորումը. եվրոպացիները գոհ էին «բարեփոխումներից» ու անվերջ սեմինար-խորհրդակցություններից, Հայաստանի իշխանությունը «լեգիտիմացնում» էր իր գոյությունը գոնե արտաքին ոլորտում, իսկ «բարեփոխումներն» այդպես էլ չէին հասնում հանրությանը: Արտաքին փաթեթավորման տակ պահպանվում էր նույն արատավոր իրականությունը, պարզապես այն փաստաթղթավորվում էր եւ լեգալացվում, որպեսզի ամեն ինչ թղթերով կարգին լինի:

Այն պահից, երբ Հայաստանում դրվեց արդեն բովանդակության հարց, առաջացան լուրջ խնդիրներ, որոնց պատասխանատուն արդեն ոչ միայն Հայաստանի նախկին իշխանությունն էր, այլեւ եվրոպական կառույցները, որոնք տարիներ շարունակ իրենց գոհունակությունն էին հայտնում հայկական «բարեփոխումներից»: Ընդ որում, այդ խնդիրներն ունեն մեկ այլ կողմ. քանի որ թղթերով ամեն ինչ կարգին է, իրականությունը փոխելու համար անհրաժեշտ են արդեն շատ կոշտ միջոցառումներ, որոնք հնարավոր է սկսում են հակասել ինչ որ դրվածքների ու պատկերացումների: Հայաստանը հեղափոխությունից հետո կանգնած է ահա նման իրավիճակի առջեւ:

Կա խնդրի նաեւ մեկ այլ կողմը: Եվրոպական կառույցները կանգնել են տհաճ իրավիճակի առջեւ, երբ մի կողմից ուղղակի կամ անուղղակի կրում են նախկին վարչակարգի «բարեփոխումների» պատասխանատվությունը, մյուս կողմից այդ վարչակարգը շարունակում է նրանց ներքաշել զանազան իրավիճակների մեջ, օգտագործելով իր «գաղտնաբառերը»:

Հիմա հերթը երեւի Վենետիկի հանձնաժողովինն է:

Եվրոպական կառույցներն այդպիսով որոշակի առումով հեղինակազրկվում են Հայաստանում, որից նկատելի եւ խիստ մեծ խանդավառությամբ արդեն օգտվում է մեր «դարավոր բարեկամը»՝ Հայաստանի միջազգային մեկուսացմանը միտված իր քաղաքական կուրսի շրջանակներում:

Վենետիկի հանձնաժողովը նաեւ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանը հանձնաժողովի կարծիքը կարող է ակնկալել միայն դատաիրավական բարեփոխումների փաթեթը ներկայացնելուց հետո: Կա՞ նման փաթեթ, թե ոչ: Պետք է նշել, որ այս իրավիճակում մեղքի մեծ բաժին ունի նաեւ նոր կառավարությունը, որն այս ընթացքում հանրությանը չի ներկայացրել գրեթե ոչ մի հայեցակարգ տարբեր ոլորտներում համակարգային բարեփոխումների վերաբերյալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...