Հայաստանում հեղափոխության հաղթանակից հետո քաղաքացիների ու ոստիկանության ամենամեծ բախումն էր

- in Կեղտոտ լվացք

Երեկ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ 13 քաղաքացիներ հոսպիտալացվել են, որոնցից 11-ը՝ ոստիկաններ։ Ոստիկանական ուժերին միացել են հատուկջոկատայիններ, ցուցարարներ են ձերբակալվել:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետևանքով բեռնատարների և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել՝ ժամեր շարունակ: Ցուցարարների հետ բանակցել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևան են մեկնել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Սա Հայաստանում հեղափոխության հաղթանակից հետո քաղաքացիների ու ոստիկանության ամենամեծ բախումն էր, ու շատ կարևոր է հասկանալ տեղի ունեցածի պատճառները՝ երկիրը քաոտիկ զարգացումներից զերծ պահելու համար։

Իջևանում միջպետական ճանապարհը փակել էին փայտի գործով զբաղվողները. նրանք պահանջում էին հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Այլ խոսքով՝ ցուցարարներն առաջ են քաշել անտառահատման ապօրինի պահանջ, ու նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում իշխանությունը միանշանակ կարող է դիմել հարկադրանքի միջոցների՝ միանգամայն լեգիտիմ հիմքով։ Իհարկե, քաղաքակիրթ աշխարհում պետությունն ունի նաև սոցիալական պարտավորություններ։ Այլ խոսքով՝ պետության հարկադրանքի միջոցառումները պետք է ներդաշնակվեն նրա սոցիալական պարտավորություններով, հակառակ պարագայում նման ակցիաները կկրեն պարբերական բնույթ, իսկ պետությունն աստիճանաբար կնույնանա բռնության գործիքի հետ։

Դժվարանում եմ համաձայնել այն վարկածի հետ, որ Իջևանի երեկվա ակցիան ինքնաբուխ էր, ու օբյեկտիվ է, որ նախատեսվում է քրեական գործ հարուցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղորդել են ցուցարարներին, այլ խոսքով՝ տիրապետում են այն ռեսուրսներին, որոնք տարիներ ի վեր անտառների հաշվին հսկա միջոցներ են ապահովել իրենց համար: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք, այսպես կոչված, «փայտի մաֆիայի» կազմակերպած դավադրության հետ։

Քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին «վերևները» հոշոտել են երկրի բնական հարստությունները՝ թույլ տալով, որ կրճոններից օգտվեն իջևանցիները, հարակից գյուղերի բնակիչները։ Հեղափոխությունից հետո թալանի ճանապարհը փակվել է, բայց պարապուրդի ու թշվառության է մատնվել նաև Իջևանի ժողովրդի մեծ մասը, որը փաստացի ապրում է անտառի հաշվին։ Հենց սա է պատճառը, որ հեղափոխության հարյուրավոր մասնակիցներ երեկ դարձել էին ստվերից ուղղորդվող բողոքավորներ, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմից ըստ էության պահանջում էին չեղարկել հեղափոխության կարևորագույն սկզբունքներից մեկը ու ճանապարհ բացել բազմաշերտ կոռուպցիայի համար։

Իհարկե, ամեն բան չափազանց պարզունակ կլինի, եթե տեղի ունեցածը վերագրենք միայն դավադրությանը կամ խռովությանը։ Ի վերջո, ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ, իսկ դա առնվազն հուշում է, որ Հայաստանում ներկայումս չափազանց ցածր է կառավարման արդյունավետությունը, իսկ կառավարությունն աստիճանաբար կտրվում է իրականությունից։ Իջևանի երեկվա դրամատիկ իրադարձությունները հեղափոխության թիմի ճգնաժամի լուրջ ցուցիչ են, մանավանդ, որ իշխանությունը խորհրդանշորեն իր ամենալուրջ ապտակը ստացավ հենց Փաշինյանի հայրենիքում։

Երեկ «Ազատության» եթերում Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ արդարացնում էր իր թիմին, բոլոր պրոբլեմները տեսնում էր իր իշխանությունից դուրս, ու դժվարանում ենք հավատալ, որ վարչապետը կարող է համարժեք արձագանքել Իջևանում տեղի ունեցածին։

Երբ երկրում տեղի է ունենում հեղափոխություն, որն իր հետ չի բերում նոր արժեքային համակարգ, ավելին՝ վարչապետի մակարդակով մերժվում են գաղափարախոսություններն ու «իզմ»-երը, շատ բնական է, որ առաջանում է նման վտանգավոր վակուում, որից կարող են օգտվել մի կողմից՝ նախկին կոռուպցիոներները, մյուս կողմից՝ մարգինալները։

Պատահական չէ, որ երեկ Իջևանում ոստիկաններին ծեծում էին ՊՊԾ իրադարձությունների երրորդ տարելիցի օրը։ Երբ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, մեկ տարի առաջ ազատ արձակեց ոստիկաններ գնդակահարած «ծռերին», ըստ էության ականապատեց նոր Հայաստանի քաղաքական, հանրային կյանքը՝ լեգիտիմացնելով բռնությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար լյումպենին օգտագործում է՝ իր օրակարգը առաջ մղելու համար, հաճախ հատելով օրինականության սահմանագիծը, չպետք է զարմանա, որ իրենց փայտ գողանալու իրավունքը բոլոր միջոցներով, այդ թվում՝ ոստիկան ծեծելով, պաշտպանում են անտառը թալանողները ու նրանց սարդոստայնում հայտնված հարյուրավոր մարդիկ։

Հեղափոխության ռոմանտիզմի փուլն ավարտվել է, ու մարդիկ այլևս դժվարությամբ են հնազանդվում Փաշինյանի ու նրա թիմի գեղեցիկ կարգախոսներին։ Եթե հետևություններ չարվեն, ուղղորդվող կամ տարերային հուզումներն առաջիկայում անխուսափելի են։ Ընդ որում՝ ավելի մեծ ծավալով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...