Dram

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Արշակ Օ.-ի գործի դատական քննությունը:

1978 թվականին ծնված Արշակ Օ.-ն մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Խարդախությանն եղանակով առանձնապես խոշոր չափերի բուն հափշտակություն կատարողը, ըստ մեղադրանքի՝ Մելիք Եսայանն է եղել՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահի նախկին տեղակալը, բանկի տարածքային կառավարման ու տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին տնօրենը:

Հիշեցնենք, որ Մելիք Եսայանին ու «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին մեղսագրված արարքների վերաբերյալ առանձին քրեական գործեր են քննվում ու քննվել դատական ատյաններում, մասնավորպես՝ Մելիք Եսայանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում դեռ շարունակվում է, նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 4, այդ թվում նաև՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու հոդվածներով:

Ինչ վերաբերում է Արշակ Օ.-ին՝ տվյալ գործով ամբաստանյալին, ապա նրա առնչությունը «Հայբիզնեսբանկին» պայմանավորված է եղել միայն նրանով, որ նա բարեկամական կապի մեջ գտնվելով Մելիք Եսայանի հետ, ըստ մեղադրանքի, օժանդակել է վերջինիս կողմից կեղծ գործարքներ կատարելով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելուն:

Արշակ Օ.-ին մեղսագրված արարքը կատարվել է 2013 թվականի սկզբին՝ 6 տարի առաջ, երբ Արշակ Օ.-ն 35 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝ Արշակ Օ.-ի օժանդակությունը Մելիք Եսայանի կողմից կատարված հանցավոր արարքին կայացել է հետևյալում:

Մելիք Եսայանը կեղծ գործարքներ է իրականացրել ու ձևակերպել է, իբր իր՝ Նորք-Մարաշում գտնվող, իրականում 90 միլիոն 638 հազար դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը՝ առանձնատունը, 251 միլիոն 933 հազար դրամով վաճառել է Արշակ Օ.-ին: Ձևակերպվել է, իբր գնորդը՝ Արշակ Օ.-ն, Մելիք Եսայանին որպես նախավճար է տվել 89 միլիոն 847 հազար դրամ: Այլ բանկում գրավադրված հիշյալ առանձնատունը վերագրավադրվել է «Հայբիզնեսբանկում», ու այդ գույքը իբր թե գնող Արշակ Օ.-ին «Հայբիզնեսբանկը» 2013 թվականի փետրվարի 21-ին տվել է հիփոթեքային վարկ՝ 400 հազար դոլարի չափով: Ընդ որում՝ ինքը՝ Մելիք Եսայանը, որպես բանկի վարչության խորհրդի անդամ, մասնակցել է խորհրդի նիստերին ու «կողմ» է քվեարկել իր բարեկամին հիփոթեքային վարկի տրամադրմանը, չնայած բանկի անվտանգության վարչությունը նախապես տվել էր բացասական եզրակացություն ու մատնանշել էր ոչ հավաստի փաստաթղթերի առկայությունը տվյալ գործում: Նշենք, որ վարկառու Արշակ Օ.-ն, ով առանձնապես որևէ կարողություն չուներ, ներկայացել էր որպես ՌԴ-ում բիզնես՝ ավտոլվացման արտադրամաս ունեցող վճարունակ անձնավորություն:

400 հազար դոլար հիփոթեքային վարկը ստանալով՝ Արշակ Օ.-ն այդ գումարն ամբողջությամբ փոխանցել է Մելիք Եսայանի հաշվին, վերջինս այդ գումարի մի մասով մարել է ունեցած այլ վարկային պարտավորությունները, մի մասն էլ հափշտակել է:

Ըստ քրեական գործի տվյալների՝ հիշյալ վարկից 2013 թվականի մարտ-մայիս ամիսներին մարվել է ընդամենը 2533 դոլար գումարը, իսկ մնացած 397 հազար 467 դոլարը խարդախությամբ հափշտակվել է:

Ինքը՝ Արշակ Օ.-ն, ով, ըստ էության պարզապես օգտագործվել է բարեկամի գործարքների մեջ, հետագայում որևէ կերպ հիփոթեքային վարկի մարմանն ուղղված վճարումներ չի կատարել, նրա անունով վարկային պարտավորությունը «Հայբիզնեսբանկում» հասել է շուրջ 900 հազար դոլարի…

Դեռ 2013 թվականին Արշակ Օ.-ն մեկնել է ՌԴ, որտեղ հետագայում հասցրել է երկու անգամ այլ մանր գործերով դատապարտվել, պատիժներ է կրել, այնուհետև Հայաստանում բացահայտվել են «Հայբիզնեսբանկի» հետ կապված անօրինականություններ, հարուցվել են քրեական գործեր: Բացահայտվել է նաև Մելիք Եսայանի կողմից կատարված խարդախությունը՝ անշարժ գույքի հետ կապված, որտեղ որպես գործող անձ հանդես էր գալիս բարեկամ Արշակ Օ.-ն:

Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՌԴ-ում նա հայտնաբերվել է, այնտեղ առնվել է նախնական կալանքի տակ, 8 ամիս 27 օր հետո կատարվել է Արշակ Օ.-ի արտահանձնումը Հայաստանին: Այստեղ Արշակ Օ.-ն ևս 2 ամիս գտնվել է կալանքի տակ ու ընդհանուրը՝ 10 ամիս 27 օր նախնական կալանքի տակ լինելով՝ ներկայումս ազատության մեջ գտնվող ամբաստանյալ է:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արշակ Օ.-ն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրին՝ գործի քննությունը արագացված կարգով անցկացնելու վերաբերյալ:

Մեղադրողն ու տուժող բանկի ներկայացուցիչը չառարկեցին:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Արշակ Օ.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց:

Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը՝ գործի քննությունը կատարվեց արագացված կարգով:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք՝ նշվեց, որ ամբաստանյալի խնամքին է անչափահաս՝ 15-ամյա դուստրը: Որպես բնութագրող հանգամանք՝ մեղադրանքի կողմը ներկայացրեց Արշակ Օ.-ի՝ ՌԴ-ում դատվածություններ ունենալու հանգամանքը: Այդ դատվածությունները տվյալ գործով վտանգավոր ռեցիդիվ չեն առաջացնում, քանի որ դրանք տեղի են ունեցել հայաստանյան հանցարարքից հետո:

Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով, նշեց, որ Արշակ Օ.-ն կատարել է սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն: Նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Մեղադրողը միջնորդեց Արշակ Օ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով:

Ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի համար մեղադրողի միջնորդած պատժաչափը անակնկալ խիստ եղավ, պաշտպանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Պաշտպանական ճառը դատարանը կունկնդրի հաջորդ նիստին՝ հուլիսի 15-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...