Կասկածից վեր է, որ ամենամոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը կանգնելու է սեփական թիմի ներսում «հեղաշրջում» անելու խնդրի առաջ: Դա լինելու է բնական անհրաժեշտություն:

Անհրաժեշտ է զտել թիմակիցների ցանկը, վերացնել կառավարող խմբակցությունում անկայունության ու ցածր կարգապահության միտումները, կարգի բերել բյուրոկրատիան:

Փաշինյանն ինքը բոլորիցս լավ է գիտակցում, թե ինչ խառնաշփոթ թիմ է իր շուրջը հավաքվել: Նրան հիանալի հայտնի է նաև, թե քաղաքական ռիսկերի, բարդ որոշումների պահին այդ բազմության ո՞ր մասը կկանգնի իր կողմում: Իհարկե, Փաշինյանն այն ավտորիտար առաջնորդը չէ, ով կարող է թիմից 100-տոկոսանոց ենթակայություն պահանջել, ինչպես դա անում էին Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները: Այդ գործում վարչապետի լիազորությունները ևս անսահմանափակ չեն. նա չի կարող Ազգային ժողով արձակել կամ, ասենք, «աշխատանքից ազատել» պատգամավորներին: Սակայն առնվազն պարտավոր է ապահովել գործադիրի կայունությունը, կարգավորել իշխող կուսակցությունում պարբերաբար ի հայտ եկող խնդիրները:Հայաստանի քաղաքական ապագան որոշվելու է Փաշինյանի հենց այդ որոշմամբ՝ ի՞նչ անել պետական բյուրոկրատիայի հատկապես՝ վստահություն չներշնչող անհատների ու խմբերի հետ:
Սեփական թիմում հեղաշրջում անելն աննախադեպ չէ համաշխարհային պրակտիկայում: Մարդկությունն ունի դրա լավագույն ու վատագույն փորձը:  Հայաստանի քաղաքական պատմությունը ևս զերծ չէ դրանից: Հենց ներթիմային հեղաշրջումը ձախողելու արդյունքում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 98-ին կորցրեց իշխանությունը, իսկ Հայաստանը կանգնեց ավտորիտար կառավարման ու կոռուպցիոն համակարգերի առաջ:  Եվ ահա՝  երբ դու չես զբաղվում հեղաշրջմամբ, հեղաշրջումն ինքն է զբաղվում քեզանով, իսկ եթե ձախողում ես նրան, ձախողում ես ինքդ քեզ: Անխուսափելիորեն:

«Ներկուսակցական հեղաշրջումը» մի շարք զարգացած երկրներում գրված օրենքի ուժ ունի: Նշենք ամենաարդի՝ բրիտանական օրինակը: Այս երկրում ներկուսակցական պայքարի առարկա է անգամ վարչապետի պաշտոնը. այն վերապահված է կառավարող կուսակցության ղեկավարին: Ընդ որում, կուսակցության ղեկը ձեռքբերել հնարավոր է միայն շատ համախոհներ ներգրավելու ու մրցակիցներին պարտության մատնելու ճանապարհով: Դեռ մեկ շաբաթ առաջ Պահպանողական կուսակցության երկու ներկայացուցիչներ պայքարում էին կուսակցության անդամների ձայների համար, որպեսզի ստանձնեն երկրի գործադիր կառավարումը: Այդ պայքարն ընթանում էր  քաղաքական ամենատարբեր գործիքների կիրառմամբ, անդրկուլիսային ու միջանձնային տիրույթում: Ընտրվելուց հետո բրիտանացի վարչապետը կանգնում է մեկ այլ խնդրի առաջ՝ քաղաքական թիմում պահպանել վստահության անհրաժեշտ մակարդակը: Ինչպես Բրիտանիայում, այնպես էլ մեզանում իշխող կուսակցության ղեկ վերցնելը բարդ է, շատ ավելի խրթին է այն պահպանելը: Դրանից կախված է իշխանության ապագան: Ու հենց այդտեղ է գալիս ճիշտ ժամանակին հեղաշրջում անելու պահը:

Քաղաքական առաջնորդները թուլանում են ոչ թե այն ժամանակ, երբ մրցակիցներն են ուժեղանում, այլ երբ կորցնում են սեփական թիմի ու դրա ամենանեղ շրջանակների վերահսկողությունը: Եվ որքան էլ զարմանալի չթվա՝ այդ վտանգն այժմ սպառնում է Փաշինյանի կառավարությանը:

Փաշինյանն այս հարցում ունի որոշման երկու տարբերակ. կարելի է անտեսել, պարտակել խնդիրն ու այն վերագրել ներկուսակցական ժողովրդավարությանը: Սա տարածված կարծիքն է: Կամ էլ ստանձնել թիմի կարգավորման դժվարին գործն ու առանց ճնշող դիկտատի, այլ ժողովրդավարական, օրինական գործիքակազմով վերակառուցել այն:

ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...