hayastan-armenia

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում, որի արդյունքները բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս։

Ըստ այդ հարցումների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12 տոկոս, իսկ երրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5 տոկոսով։ Հանրապետականներն, ի դեպ, սա մեծ հաջողություն են համարում եւ հպարտանում են իրենց 5 տոկոսով, որովհետեւ փոքր-ինչ առաջ են անցել «Լուսավոր Հայաստանից», բայց համաձայնվեք՝ իրականում դա շատ խղճուկ ցուցանիշ է մի ուժի համար, որն ինքն իրեն համարում է հիմնական ընդդիմություն եւ մեկ տարվա ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել քարոզչության վրա՝ փորձելով հնարավոր բոլոր ձեւերով սեւացնել գործող իշխանություններին։

Բայց քաղաքական ուժերի վարկանիշներն ամենակարեւորը չեն։ Այո, վերջին 7 ամիսների ընթացքում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է 12 տոկոսով, բայց հեղինակավոր միջազգային կազմակերպության հարցումները շատ ավելի էական փաստ են արձանագրում. այն է՝ չնայած աննախադեպ ակտիվ ու ագրեսիվ հակաքարոզչությանը, հասարակության 69 տոկոսը շատ դրական կամ մասամբ դրական է գնահատում կառավարության փոփոխությունները, 62 տոկոսը գտնում է, որ երկրում պետք է արագ փոփոխություններ իրականացնել, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում։

Ի՞նչ են ցույց տալիս այս թվերը։ Նախ՝ արձանագրում են, որ հեղափոխական էյֆորիան անցյալում է։ Եվ սա, ի դեպ, էականորեն մեծացնում է հարցման արդյունքների արժեքը, որովհետեւ էմոցիոնալ բարձր ֆոնի պայմաններում արձանագրված թվերը մի՛ բան են, առանց էմոցիաների, սառը դատողությամբ արտահայտված կարծիքները՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, որ հեղափոխությունից գրեթե մեկուկես տարի անց էլ 69 տոկոսը դրական է գնահատում կառավարության գործունեությունը, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, վկայում է այն մասին, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածն ամենեւին էլ ինչ-որ անսպասելի, ինքնաբուխ բռնկում չէր, ու հեղափոխական ալիքի վրա իշխանության եկածներն էլ պատահական մարդիկ չէին, որոնց նկատմամբ հեղափոխական «մասսաները», որպես կանոն, շատ արագ լցվում են ատելությամբ կամ հիասթափվում ու մի կողմ քաշվում։ Այսինքն՝ այնպես չէ, որ հանրապետականները նորմալ ղեկավարում էին երկիրը, պարզապես Սերժ Սարգսյանը «պահի տակ սխալվեց», Նիկոլ Փաշինյանն էլ օգտվեց դրանից ու վերցրեց իշխանությունը։ Իրականում խնդիրները շատ ավելի լուրջ էին, ճգնաժամը վաղուց էր խորացել, եւ վաղ թե ուշ հանգուցալուծումը պիտի տեղի ունենար։

Ուշադրություն դարձրեք՝ փաստորեն չի աշխատել նաեւ նախկինների իրականացրած «սառնարանային» քարոզչությունը (որի համաձայն՝ հասարակության համար ամենակարեւորը սեփական սառնարանի պարունակությունն է)։ Նույն հարցումների համաձայն՝ հասարակությունն առանձնապես գոհ չէ սոցիալական վիճակից եւ գտնում է, որ երկրում շարունակում են առաջնային մնալ գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակի հետ կապված խնդիրները, այսինքն՝ մարդիկ դեռեւս իրենց մաշկի վրա չեն զգացել հեղափոխության արդյունքները, բայց միեւնույն է՝ մեծամասնությունը համարում է, որ երկիրը ճիշտ ուղով է զարգանում։ Այլ կերպ ասած՝ հեղափոխական էյֆորիան թոթափած մարդիկ հասկանում եւ ընդունում են, որ ամեն ինչ միանգամից չի լինի, ժամանակ է պետք։

Մի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հետազոտությունը սառը ցնցուղ էր նախկին իշխանությունների ու իրենք իրենց հիմնական ընդդիմություն համարողների համար։ Բայց ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները նույնպես պիտի լուրջ հետեւություններ անեն ու ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն հետազոտության արդյունքները։ Իշխող քաղաքական ուժի՝ դեռեւս պահպանվող շատ բարձր վարկանիշն ու ընդդիմության խղճուկ թվերը  չպետք է հանգստացնեն նրանց, որովհետեւ սառը դատողությամբ առաջնորդվող հասարակության պահանջներն ու ակնկալիքներն էլ որակապես այլ աստիճանի վրա են, ու դրանց բավարարումը շատ ավելի ծանր ու հետեւողական աշխատանք է պահանջում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...