Հին եւ նոր մտածողությունների բախման ամենավառ օրինակները

- in Վերլուծական

Իջեւանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումները մեծ ոգեւորություն են առաջացրել ընդդիմադիր շրջանակներում։

Նրանք չեն էլ թաքցնում իրենց ուրախությունը՝ հաճույքով շփելով ձեռքերն ու հայտարարելով, թե սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, եւ «ժողովուրդն» առաջիկայում ավելի լուրջ ցույցեր է անելու իշխանությունների դեմ։

Խնդիրներն, իհարկե, շատ ավելի խորքային են եւ միայն Իջեւանի դեպքերին չեն վերաբերում։ Մեծ հաշվով՝ նույն իրավիճակն է նաեւ Սեւանի ավազանում, որտեղ տեղացիները ժամանակ առ ժամանակ աղմուկ են բարձրացնում՝ պահանջելով, որ իշխանությունները չխոչընդոտեն իրենց ապօրինի ձկնորսությունը։ Իշխանություններն էլ չեն զիջում եւ պնդում են, որ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաներն ու բնության անխնա ոչնչացումը տեղ չունեն նոր Հայաստանում։

Սրանք հենց հին եւ նոր մտածողությունների բախման ամենավառ օրինակներն են, բայց նախ անդրադառնանք այն շահարկումներին, թե իբր ձկնագողությունը կամ ապօրինի անտառահատումները սոցիալական լրջագույն հարցեր են լուծում, եւ դրանց դեմ պայքարելով՝ իշխանությունները խեղճ գյուղացիներին զրկում են օրվա հացից։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Տարիներ շարունակ ապօրինի անտառահատումները հսկայական հանցավոր եկամուտներ են ապահովել առավելագույնը մի 10-15 ընտանիքների համար, իսկ «ոլորտում ներգրավված» հազարավոր գյուղացիներն ընդամենը չարքաշ աշխատանքով մի կերպ օրվա հաց են ապահովել ու վաստակել այնքան, որքան կվաստակեին ցանկացած այլ աշխատանքով զբաղվելով։ Ու հիմա այդ նույն 10-15 ընտանիքները, չկարողանալով հարստանալ նախկին սխեմաներով ու զրկվելով գերշահույթներից, հրապարակ են հանել իրենց ճորտերին՝ վախեցնելով աշխատատեղերը կորցնելու հեռանկարով։ Սա է, ուրիշ բան չկա, որովհետեւ շարքային գյուղացիները, ովքեր «փայտի բիզնեսի» հետ կապ չունեն եւ անտառից օգտվում են բացառապես իրենց կարիքների համար, այս ամենին չեն մասնակցում ու դրա կարիքը չունեն էլ՝ ոչ մեկն «իրենց ետեւից չի ընկնելու»։ Նույն վիճակն էլ ապօրինի ձկնորսության դեպքում է․ դա գերշահույթներ ապահովող բիզնես է ընդամենը 10-15 ընտանիքների համար։ «Ձկան բիզնեսին» այս կամ այն կերպ առնչվում է Գեղարքունիքի մարզի բնակչության առավելագույնը 2-3 տոկոսը, իսկ 97-98 տոկոսը ձուկը գնում է այնպես, ինչպես ցանկացած այլ մարզի բնակիչ։ Այսինքն՝ այդ ամենը որեւէ լուրջ սոցիալական հարց չի լուծում։ Մինչդեռ Սեւանն աղետալի վիճակի հասցնելը հաստատ կազդի մարզի (եւ ընդհանրապես՝ Հայաստանի) ողջ բնակչության վրա։

Հիմա՝ հին եւ նոր մտածողությունների բախման մասին։ Նախկին իշխանություններն իրենց քարոզչամիջոցներով ժամանակ առ ժամանակ տարածում են այն թեզը, թե կոռուպցիան պետության կառավարման լավ էլ արդյունավետ ձեւ էր, մարդիկ էլ հարմարվել էին կոռուպցիոն սխեմաներին եւ խաղի կանոններին ու ինչ-որ ձեւով «յոլա էին գնում», իսկ ահա նորերը շարժվում են օրենքով՝ առանց մտածելու ժողովրդի մասին։ Այո, հին մտածողությունը հենց այդպիսին էր․ «բա մեր անտառն ա, պիտի ում ինչքան պետք ա մուծվենք, կտրենք-ծախենք, յոլա գնանք, անտառը պրծնի՝ ուրիշ բանով կզբաղվենք կամ կգնանք Ռուսաստան, բա կարող ա՞ էրեխեքը մնան սոված, հիմա ինչի՞ են փետի գործ անողների հետեւից ընկել, վատ ա՞, որ աշխատում ենք, ամիսն էլ 100-120 մանեթ փող են տալիս․․․»։ Նույնն էլ՝ ձկան բիզնեսում․ «բա մեր լիճն ա․․․» եւ այլն։ Իսկ ահա նոր մտածողությունը ենթադրում է, որ պետք է ամեն ինչ անել օրենքի շրջանակներում, պահպանել բնությունը, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա շատ ավելի մեծ օգուտներ կբերի նույն գյուղացիներին, իսկ մինչ այդ այլ, օրինական զբաղմունք գտնել, առավել եւս՝ որ կառավարությունն ամեն կերպ աջակցում է դրան, արտոնություններ է տալիս, վարկեր է տրամադրում եւ այլն։

Ու պետք չէ այս ամենը ներկայացնել այնպես, թե տեսեք՝ մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանում, ոստիկաններն էլ բիրտ ուժով ոտնահարում են նրանց իրավունքները։ Այո, մարդիկ պայքարում են իրենց «իրավունքների» համար․ բնությունն անխնա շահագործելու, Հայաստանն անապատ դարձնելու, Սեւանը ճահիճ դարձնելու իրավունքների համար։ Բայց արդյո՞ք իրեն հարգող պետությունը պիտի հարգի նաեւ մի քանի տասնյակ ընտանիքների կողմից ուղղորդվող «ժողովրդի» այդ իրավունքները։