ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

- in Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը  միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:

«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները:  Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:

Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար:

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։

Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանվում է։

Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։