Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվեց Օնիկ Մկրտչյանի գործով դատական քննությունը:

27-ամյա Օնիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի դիմաց, Օնիկ Մկրտչյանը վիճաբանել է 1953 թվականին ծնված Գագիկ Հովհաննիսյանի հետ:

Վերջինս հայտնի էր «Կուճի» մականունով: Ըստ տեղեկությունների՝ տուժողը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, այդ թվում նաև՝ իր եղբոր սպանության համար…

Ըստ այս գործով առաջադրված մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 12-13-ի սահմաններում իր տան առաջ գտնվող 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը անհասցե հայհոյանքներ է տվել: Օնիկ Մկրտչյանը նրան դիտողություն է արել, ինչի արդյուքում վիճաբանություն է առաջացել:

Վիճաբանության ժամանակ Օնիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, սևեռվող շեղբ ունեցող զսպանակային ծալովի դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանին, պատճառել է ծանր վնասվածքներ ձախ քունքային շրջանում, կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, վնասել է տուժողի սրտապարկը, սիրտը: Ստացած վնասվածքներից Գագիկ Հովհաննիսյանը մահացել է:

Օնիկ Մկրտչյանը դատարանում հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում,մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ արարքը սխալ է որակված, այն պետք է որակվեր որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված արարք, դեպքի պահին Օնիկ Մկրտչյանը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում :

Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ Գագիկ Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է իր տան խոհանոցային հատվածում: Դիակն ընկած է եղել հատակին: Դիակի տակ՝ հատակին, դիակից ոչ հեռու գտնվող լվացարանի վրա, դրա ներքևի հատվածում առկա սփռոցի, լվացքի մեքենայի վրա գցված սփռոցի վրա արյան հետքեր կային:

Լվացքի մեքենայի վրա խոհանոցային դանակ է եղել, որը հատուկ փոշիով մշակման է ենթարկվել, մատնահետքեր չեն հայտնաբերվել:

Օնիկ Մկրտչյանը կամովին ներկայացել է ոստիկանություն, հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 13-ի սահմաններում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Գագիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին: Օնիկ Մկրտչյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել և իրեղեն ապացույց է ճանաչվել:

Օնիկ Մկրտչյանը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել այն վայրը, որտեղ Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ է տվել, ինչի պատճառով ինքը վիճաբանության ժամանակ գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև արյունոտ դանակը դրել է գրպանը: Տուժողը դանակով հարվածներ ստանալուց անմիջապես հետո հեռացել է՝ մտել է իր տուն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ, հեմոռագիկ շոկից: Տուժողի արյան մեջ ալկոհոլ և թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:

Տուժողին սուր կտրող-ծակող գործիքով պատճառվել են բազմաթիվ՝ մոտ 14 վնասվածքներ՝ հիմնականում կենսական կարևոր օրգանների շրջաններում:

Տուժող Գագիկ Հովհաննիսյանը՝ «Կուճին», դատվածություններ է ունեցել խորհրդային ժամանակաշրջանից սկսած, վերջին տարիներին հիմնականում դատվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ է նա, ըստ տեղեկությունների, սպանել եղբորը, ինչի համար այնտեղ էլ դատվել ու պատիժ է կրել:

Գործով վկա, նույն թաղամասի բնակչուհիներից մեկը դատարանում ասաց. «Գագիկի ձայնը բոլորս էինք ճանաչում թաղում՝ հաճախակի հանդես էր գալիս հայհոյանքներով…»:

Դեպքի պահին այս վկան անցնում էր փողոցով ու տեսել է, որ Գագիկի դիմաց կանգնած ու նրա հետ քաշքշուկի մեջ մտած տղան ասում էր՝ ամոթ ա, անհարմար ա, հորս թայ մարդ ես, մի հայհոյի… Այդ ժամանակ Գագիկը բռնել է այդ տղայի թիկունքից, շորերից, տղան էլ բռնել է Գագիկին… Նրանց ձեռքերն ու ոտքերը շարժվում էին՝ հարվածի շարժումներ էին անում՝ «նա՝ նրան, նա՝ նրան, հարվածները կպնում-չէին կպնում՝ չեմ կարող ասել… Էդ տղան քանի անգամ ասեց՝ մի հայհոյի…»:

Վկան կատարվածի մասին իմանալով՝ ցավ էր ապրել. «Եթե զգայի՝ վտանգավոր բան կա, կարող ա մոտենայի: Մտածեցի՝ սովորական կռիվ ա…Գագիկը էդ աստիճանի բացասական էլ չէր, բայց կռվարար էր… Ես Գագիկին կամ Օնիկին գետնին ընկած չեմ տեսել: Եթե տեսնեի, օգնություն կկանչեի: Օնիկը երեխա ժամանակ խելոք երեխա էր…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Օնիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դատարանը եզրահանգեց, որ գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցների համակցությամբ հաստատվել է Օնիկ Մկրտչյանին մեղսագրված արարքը:

Օնիկ Մկրտչյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •