Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի «անցյալը փորփրելու» (նախկինում կատարած հնարավոր չարաշահումները բացահայտելու) գործընթացի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների շուրջ կրքերը թեժանում են:

Նախկին իշխանություններն ու նրանց հարող հասարակական-քաղաքական շրջանակները դա գնահատում են որպես քաղաքական հետապնդում՝ իբր տեսեք, Հրայր Թովմասյանը չցանկացավ ենթարկվել վարչապետին ու հրաժարական տալ, եւ ահա նրան սպառնում են քրեական գործերով:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Տեղի է ունենում այն, որ Սահմանադրական դատարանն իր ներկայիս կազմով ու Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ոչ թե չի ենթարկվում կառավարությանն ու վարչապետին (պարտավոր էլ չէ ենթարկվել), այլ ենթարկվում է նախկին իշխանություններին (ինչի իրավունքը չունի, որովհետեւ պարտավոր է անկախ լինել): Հրայր Թովմասյանի գործողությունները հենց դա են ապացուցում, որովհետեւ նա, ըստ էության, զբաղված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրան կալանքից ազատելու գործով: Ընդ որում՝ այնպիսի եռանդով է լծվել այդ գործին, որ դիմում է իրավական տեսանկյունից առնվազն կասկածելի քայլերի, վարույթ է ընդունում առաջին ատյանի դատարանի՝ վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ չեղարկված հարցը, դիմում է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովին, եւ այլն: Այլ կերպ ասած՝ ցուցաբերում է բացահայտ կանխակալ վերաբերմունք, եւ այն էլ՝ վերջին տարիների թերեւս ամենաաղմկահարույց եւ հասարակական վիթխարի հնչեղություն ստացած գործում: Իսկ Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, դատական բարձրագույն ատյանն է, եւ այդ պահվածքն ուղղակիորեն խորացնում է դատաիրավական ողջ համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը:

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից: Պատկերացրեք՝ որեւէ նախարարություն մրցույթներ է հայտարարում, եւ միշտ շահում է նույն ընկերությունը: Բնականաբար՝ ողջամիտ կասկածներ կառաջանան, որ տվյալ նախարարի եւ այդ ընկերության սեփականատերերի միջեւ ինչ-որ ստվերային կապեր կան, եւ իրավապահները կփորձեն բացահայտել այդ կապերը: Ու որեւէ մեկը դա չի գնահատի որպես այդ նախարարի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշում (թեեւ նախարարի պաշտոնը քաղաքական է): Բայց նույնն էլ ՍԴ նախագահի դեպքում է՝ հասարակությունը պիտի տեղեկացված լինի, թե ի՞նչն է պատճառը, որ Հրայր Թովմասյանը բացահայտ կողմնակալ վերաբերմունք ունի նախկին իշխանությունների նկատմամբ: Գուցե խնդիրը միայն նրա հանրապետական անցյալը չէ՞, գուցե այլ պատճառներ է՞լ կան, եւ իսկապե՞ս արժե «փորփրել անցյալը»:

Ամեն դեպքում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր կան, եւ որոշումը պիտի կայացնի Հրայր Թովմասյանը: Նա ինքը պիտի որոշի՝ կամ հաշվի առնի անձամբ իր եւ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու հրաժարական տա, կամ պիտի կտրի «անցյալի կապերն» ու իսկապես անկողմնակալ լինի, կամ էլ (սա պետության համար ամենաանցանկալի տարբերակն է) պիտի շարունակի ծառայել նախկիններին՝ որպես վերջին բաստիոն, ու աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնի իր նկատմամբ իբր իրականացվող քաղաքական հալածանքների մասին (այն հաշվարկով, որ եթե հանկարծ իր նախկին գործունեության ընթացքում կատարված ինչ-ինչ չարաշահումներ բացահայտվեն՝ կարողանա պաշտպանվել այս օրերի իր «պաշտպանյալ» Քոչարյանի պես):

Տրամաբանությունը հուշում է, որ Հրայր Թովմասյանը պիտի ընտրություն կատարեր առաջին եւ երկրորդ տարբերակների միջեւ, բայց նա կարծես թե գնում է երրորդ ճանապարհով: Ըստ երեւույթին պատճառն այն է, որ իրականում նա այնքան էլ ազատ չէ իր ընտրության մեջ: Անցյալի կապերն ու «միասին անցած ճանապարհը» (հատկապես՝ կասկածելի ճանապարհը) երբեմն շատ ամուր են լինում: Բայց չի կարելի թույլ տալ, որ դրանից տուժեն պետությունն ու հասարակությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...