Hrayr Tovmasyan

Մեզ համար դա շարքային գործ է, խոսելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործի մասին նախօրեին տված իր հարցազրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Այդ հարցազրույցում դատական իշխանության անկախության և դրա վրա ճնշումների անթույլատրելիության մասին Թովմասյանի հայտարարությունները, թերևս, քննարկման առարկա չեն, կամ կարող էին լինել, եթե չլիներ նույն Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական պատգամավորից ինչպես հայտնվելու պատմությունը՝ այսպես ասած դատական անկախության համատեքստում:

Ըստ այդմ, այդ անկախության մասին Հրայր Թովմասյանի պատմությունը լավագույն դեպքում կարող է դիտվել քաղաքական անեկդոտ, և ոչ երբեք իրավական գնահատական կարևորագույն ինստիտուտներից մեկի դերի առնչությամբ: Ի դեպ, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր իր նախագահության շրջանում նախընտրում հաճախ անել այդ մեջբերումը տարբեր թեմաներով, խոսելով ընդդիմության մասին՝ դատական անկախության մասին «ում կովը որ բառաչի, Հրայր Թովմասյանի կովը պետք է լռի»: Այդ տեսանկյունից, Հրայր Թովմասյանի հարցազրույցի, թերևս, նշանակալի հանգամանքը հենց Ռոբերտ Քոչարյանի գործի «շարքային» գնահատականն է: Դրանով Թովմասյանը, իհարկե, առերևույթ փորձում է ցույց տալ, որ ՍԴ համար ամենևին չունի նշանակություն, թե որևէ գործ ում է վերաբերում, և գործերը քննում են բացառապես իրավունքի և օրենքի տրամաբանության շրջանակում:

Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ում, թերևս, սկզբունքորեն չեն կարող լինել շարքային գործեր, և ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ այն շարքային դատարան չէ և այնտեղ չեն լինում շարքային գործեր: ՍԴ-ում գտնվում են գործեր, որոնք պետության համար ունեն հիմնարար նշանակություն և դրանք գործնականում ձևավորում են պետական կյանքի իրավա-քաղաքական ապագան: Հրայր Թովմասյանը չի կարող դա չգիտակցել, նա, թերևս, բավական փորձառու և հմուտ մասնագետ է այդ առանձնահատկությունը չտարբերելու համար: Ու հենց դրանով հանդերձ, նա բավական նուրբ ակնարկով Ռոբերտ Քոչարյանի գործը վերածում է «շարքային» գործի, ինչը խորհրդանշական է նույն Ռոբերտ Քոչարյանի՝ դեռևս 2007 թվականին նախագահական կարգավիճակից Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի առիթով ասված խոսքի ֆոնին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին նախագահն ինչ-որ իմաստով խորհրդանիշ է, բայց վերադառնալով քաղաքականություն, նա փաստորեն կդադարի լինել այդպիսին և կվերածվի «շարքային ընդդիմադրի»: Ռոբերտ Քոչարյանը, անշուշտ, դրանով ակնարկում էր, որ այդ դեպքում ինքն իրեն իրավասու է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ դրսևորել այնպիսի վարքագիծ և գործիքակազմ, ինչպես դրսևորել է մնացյալ բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ակնարկում էր, որ Տեր-Պետրոսյանն իր վերադարձով ազատում է իր՝ նախագահ Քոչարյանի ձեռքերը: Թե ինչ է լինում այդ դեպքում, ցավալիորեն պարզ դարձավ մի քանի ամիս անց՝ Մարտի 1-ին:

Եվ ահա, այդ ամենից հետո Ռոբերտ Քոչարյանը ներկայումս մեղադրյալի աթոռին է հենց այդ գործով, և Հրայր Թովմասյանն այդ աթոռի վրա նրան դե ֆակտո, կամա թե ակամա, հռչակում է «շարքային ընդդիմադիր»՝ ՍԴ-ում նրա գործը համարելով շարքային: Թե ինչու է Հրայր Թովմասյանը նուրբ ակնարկով հիշեցնում այդ մասին, պարզ է դառնում Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն ակնկալելու նրա քայլից: Թովմասյանն ակնարկում է, որ ՄԻԵԴ-ն ու Վենետիկը ազատեն իր ձեռքերն այդ «շարքային» գործում, նոր իշխանության ու երկրորդ նախագահի՝ մուրճի և սալի կամ երկու քարի արանքից անվնաս դուրս գալու համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...