Հրեշն Իջեւանում. սահմռկեցուցիչ իրականություն

- in Կարծիք
Cuyc

Անօրինական անտառհատումների դեմ պայքարի քայլերից դժգոհ քաղաքացիների եւ ոստիկանների միջեի տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ տասնյակից ավելի ոստիկան դիմել է բուժօգնության համար: Ոստիկանները փորձել են բացել միջպետական ճանապարհը, որը փակել էին դժգոհ քաղաքացիները եւ պահանջում էին թույլ տալ հատել անտառը:

http://lragir.amՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ կարողացել են խնդիրը լուծել առանց անօրինական պահանջներին զիջման գնալու: Որքա՞ն կշարունակվի այդ լուծումը, այն լուծո՞ւմ է, թե «հրադադար», կերեւա ժամանակի ընթացքում:

Իսկ նախօրեին, Իջեւանում տեղի ունեցած բախման տեսքով երեւաց հրեշը, հերթական անգամ: Խոսքը այն հրեշի մասին է, որ գոյություն է ունեցել Հայաստանում նախկին իշխող համակարգի տեսքով: Կոռուպցիայի, պալատական քծնանքի, գանձագողության եւ քրեական ենթամշակույթի սիմբիոզ այդ համակարգը Հայաստանում ձեւավորել է հրեշավոր կենսամիջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն հարմարվել են անօրինական միջոցներով ապրուստի, այլ դրանով է ձեւավորվել հոգեբանությունն ու մտածողությունը:

Իջեւանում տեղի ունեցածն առերեւույթ ունի պարզ լուծում՝ անօրինականությունը պետք է խստիվ կասեցվի եւ պատժվի: Բայց, այդ պարզ լուծումը բավականին բարդանում է, քանի որ գործ ունենք մարդկանց հետո, որոնք պետք է ապրեն: Իսկ ապրելու այլ ձեւ նրանք չեն ունեցել: Դա ամենեւին չի նշանակում, որ արդարացվում է անօրինական կենսակերպը, որովհետեւ նույն տրամաբանությամբ պետք է արդարացնել նաեւ գողությունն ու հանուն ապրուստի մարդասպանությունը, ինչը պակաս սահմռկեցուցիչ չէ իր տրամաբանությամբ, որքան նախկին իշխող համակարգն իր բնույթով:

Սակայն, հարցն այն է, որ պարզ թվացող լուծումները խորքային առումով այդքան էլ դյուրին չեն, եւ անհրաժեշտ են համալիր քայլեր: Դա էլ դարձել է ստանդարտ ձեւակերպում: Ընդհանրապես, Հայաստանի կյանքը թե մինչեւ հեղափոխությունը, թե այդ իմաստով հեղափոխությունից հետո կարծես թե մնում է երկու ստանդարտի մեջ՝ մի կողմից ժամանակ եւ համալիր լուծումներ պահանջող ստանդարտը, մյուս կողմից գլուխներ կտրելու, բանտեր լցնելու եւ դրանով հարցեր լուծելու ստանդարտը:

Ընդ որում, Հայաստանում եղել է թե մեկի պրակտիկան, թե մյուսի փորձը, որի, ի դեպ, երրորդ տարելիցն էր այս օրերին: Հայաստանում կատարելապես ձախողված են երկու ստանդարտներն էլ: Բայց, քանի որ դեռեւս չկան հիմնարար ձեւակերպված եւ մատուցվող նորերը՝ որովհետեւ զուտ օրինականությունը ստանդարտ չէ, այլ միջավայր ստանդարտներ ներդնելու համար, Հայաստանում իր «ստանդարտը» պահում է նախկին համակարգի ստեղծած հրեշը, օգտագործելով այն այս կամ այն տեղում վեր պարզելու ամեն հնարավորություն ու առիթ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան