Hrayr Tovmasyan

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը եւ «ՍԴ մասին» օրենքին, պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն։

Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանաու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»,- այս մասին «Արմնյուզ» ՀԸ-ի եթերում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում որոշակի կարծիքներ հայտնեց ՍԴ-ի վերաբերյալ։

Ըստ Հրայր Թովմասյանի՝ վարչապետի որոշ արտահայտություններ վիրավորական էին. «Որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությանը վիրավորելուն, եւ որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային այն առումով, թե ինչպիսին չպետք է լինի գործադիր իշխանության ղեկավարի եւ դատական իշխանության փոխհարաբերությունները, թե ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության նկատմամբ»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հրայր Թովմասյանը «բուդկա»-յի պես սեփականաշնորհել է ՍԴ-ն, Հրայր Թովմասյանն ասաց. «Հանրային ընկալման եւ կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, թե դա հիմնարկ է, եւ ես էլ այնտեղի դիրեկտորն եմ… ՍԴ-ում արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն ունի հարյուր տոկոսով նույն լիազորությունները, ինչ որ մյուս բոլոր անդամները, եւ նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորական է ՍԴ մյուս անդամների նկատմամբ»։

ՍԴ նախագահը հռետորական հարց հնչեցրեց. «Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»։

Ըստ Հրայր Թովմասյանի՝  նման արտահայտությունները պատիվ չեն բերում. «Նման բառապաշարը դսակարգային է լինելու այն առումով, թե ինչպես չի կարելի խոսել երկրի 4 սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետեւ այս մարմինները՝ ՍԴ-ն ու Կառավարությունը, հավասար են, եւ չի կարելի մի մարմնի ղեկավարի կողմից նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ։ Իսկ արդյո՞ք նույնատիպ, նույնաբովանդակ արտահայտություններ կարելի է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ. ես կարծում եմ, որ չի կարելի», ասաց Հրայր Թովմասյանը։

ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից կստանանք խորհրդատվական կարծիք, որը կկարևորենք այս գործում որոշում կայացնելու համար, բայց այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր Արմնյուզ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչով էր պայմանավորված Ռ. Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը։

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ հաշվի առնելով գործի շուրջ ստեղծված հանրային հետաքրությունը, եթե այլ դեպքերում ՍԴ-ի սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ. «Սրանով  է պայմանավորված, որ այն ներուժը, որը կա ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ պետք է և օգտագործել»։

ՍԴ նախագահը կարևորեց, որ ՄԻԵԴ-ում և Վենետիկում չեն որոշում հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, թե ոչ։ Այնտեղ չեն կարող որոշել նաև սահմանադրականության հարց, սակայն նրանց վերլուծությունները, փորձառությունը, դատական պրակտիկայի ամփոփումը Հրայր Թովմասյանի խոսքով կօգնեն իրենց այս գործում։

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործը խորհրդատվության համար Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղարկելու որոշումով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը գործնականում ներկայացրեց հրաժարականի դիմում: Դա իհարկե այն դիմումը չէ, որին սպասում է հանրության այն մասը, որը Թովմասյանին համարում է նախկին համակարգի վերջին բաստիոն:

Հրայր Թովմասյանը տվել է օրիգինալ հրաժարական կամ դե ֆակտո հրաժարական, հրաժարական հենց այդ «բաստիոնի» կարգավիճակից: Նա հրաժարվել է լինել նախկին համակարգի վերջին բաստիոն, եւ առանցքային հարցը՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, նա փաստացի փոխանցել է ՄԻԵԴ եւ Վենետիկ, իշխանության հետ պայքարում օգնություն խնդրելով այնտեղից, կամ խնդրելով յուրայինների դեմ ներկայացնելու փաստարկ:

Հրայր Թովմասյանին է վերագրվում այն Սահմանադրությունը, որ գրվեց եւ ընդունվեց՝ ըստ հանրային-քաղաքական-ընդդիմադիր վարկածի՝ Սերժ Սարգսյանի համար: Գործնականում սակայն ստացվել է, որ Հրայր Թովմասյանը թավշյա հեղափոխության համար է Սահմանադրություն գրել, բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Խոշոր հաշվով, նա վերջին բաստիոնի վիճակում է հայտնվել ակամա, հենց այդ պատճառով: «Ինչպես որ քո գրած Սահմանադրությունը բերեց հեղափոխության, հեղափոխության առաջնորդին էլ տվեց սուպերվարչապետական կարգավիճակը, այնպես էլ հիմա քո ձեռքով ազատիր մեզ սուպերվարչապետից», թերեւս երկրորդ նախագահի շրջապատից մոտավորապես ներկայացվում է պահանջը Հրայր Թովմասյանին:

Առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխությունից երկու ամիս անց հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում, իր հարցազրույցներում սկսեց ակնարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանը «կասկածելի պասիվ դիմադրություն» է ցույց տվել սկսվող շարժմանը:

Ավելին, Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցրել, որ իրադարձությունները չէին զարգանա այդ ընթացքով, եթե Սերժ Սարգսյանը չփոխեր Սահմանադրությունն ու չգնար փաստացի երրորդ ժամկետի՝ վարչապետի անժամկետ հեռանկարով:

Ըստ այդմ, Հրայր Թովմասյանը նախկին իշխող համակարգի կամ պարզապես Ռոբերտ Քոչարյանի համար  գործնականում «բաստիոն» չէ, այլ «մեղադրյալ» եւ Վենետիկում ու ՄԻԵԴ-ում պաշտպանություն է փնտրում ոչ թե երկրորդ նախագահի, այլ իր համար: Որովհետեւ պարզապես հրաժարականը նրան կարող են եւ չներել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...