Մեր նպատակը մարդ փոխե՞լն է, թե՝ մարդկանց փոխելը

- in Հրապարակ
Sasun Mikayelyan

Ընդդիմադիր շրջանակները խիստ ոգեւորվել են Սասուն Միքայելյանի վերջին հրապարակային հայտարարություններից ու դա ներկայացնում են որպես իշխող կուսակցության եւ քաղաքական թիմի ներսում առկա ակնհայտ տարաձայնությունների արդյունք, անգամ՝ լուրջ պառակտման ապացույց։

Ու թեեւ միջադեպի «արտաքին շերտը» Սասուն Միքայելյանի ու Կոտայքի մարզպետի անձնական հարաբերություններն էին, բայց ակնհայտ էր նաեւ, որ կա ավելի առարկայական բանավեճ։ Սասուն Միքայելյանը դա ձեւակերպեց մեկ նախադասությամբ՝ «մեր նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը»։

Սա իսկապես կարեւոր հարցադրում է։ Եթե փոքր-ինչ բացենք փակագծերը՝ խնդիրը հետեւյալն է․ հեղափոխությունից հետո իշխանությունների խնդիրը հին պաշտոնյաներին նորերով փոխարինե՞լն է՝ հին համակարգը պահպանելով, թե՞ պետք է հին համակարգն ու «մարդկանց» (հասարակությունը) փոխել՝ օգտագործելով նաեւ «հին» պաշտոնյաներին ու նրանց փորձը։ Ավելի պարզ ասած՝ անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ ընդամենը իշխանափոխություն։ Որովհետեւ եթե նպատակը մի քանի հարյուր առանցքային պաշտոնյաներին նորերով փոխարինելն էր՝ դա ընդամենը իշխանափոխություն է, իսկ եթե պաշտոնյաներին փոխելն ընդամենը միջոց է՝ հասարակությունը փոխելու համար, ուրեմն տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր։

Երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության դիրքորոշումն այս հարցում միանշանակ է․ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, եւ նպատակը որակապես այլ պետություն եւ հասարակություն ունենալն է։ Ուրիշ բան, որ քաղաքական ռեւանշի հայտ ներկայացնող նախկիններն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, թե իբր Հայաստանում ընդամենը իշխանափոխություն է եղել, եւ նորերն անում են նույնը, ինչի համար ժամանակին քննադատում էին իրենց։ Խնդիրն այն է սակայն, որ իշխանության ներսում նույնպես կան այդպես մտածողներ (կամ թաքուն հույս ունեցողներ, որ եղածն իսկապես էլ ընդամենը իշխանափոխություն էր)։ Սրանք բաժանվում են երկու մասի։ Առաջինը հեղափոխության արդյունքում բարձր դիրքերի հասած այն ոչ փոքրաթիվ պաշտոնյաներն են, ովքեր մտածում են, որ նախկին պաշտոնյաներին իրենց աշխատասենյակներից վռնդելով ու նրանց տեղը զբաղեցնելով էլ հեղափոխությունն ավարտվել է, ու եկել է իրենց ժամանակը՝ վայելելու իշխանությունը։ Երկրորդը նախկին համակարգի միջին օղակների այն բազմաթիվ չինովնիկներն են, ովքեր ինչ-ինչ հնարքներով պահպանել են իրենց պաշտոններն ու ներկայանում են որպես «հեղափոխության արժեքների նվիրյալներ» (որպես կանոն՝ սրանք այն մարդիկ են, ովքեր հաջողացրել են նոր իշխանությունների մեջ բարձրաստիճան հովանավորներ գտնել), բայց իրականում հեղափոխությունն ընկալում են որպես ինչ-որ պատուհաս, տարերային աղետ, ժամանակավոր երեւույթ, որին պարզապես պետք է դիմանալ՝ «մինչեւ անցնի վտանգը» (կամ նախկինները վերադառնան, կամ նորերը վերականգնեն նախկին համակարգի խաղի կանոնները)։ Այսպիսիները, ցավոք, շատ են, եւ նոր իշխանություններին երեսանց ժպտալով ու հեղափոխական արժեքները փառաբանելով՝ «տակից» ամեն ինչ անում են, որ հեղափոխությունն ընկալվի ընդամենը որպես իշխանափոխություն։ Որովհետեւ հեղափոխության դեպքում իրենց տեսակը պիտի փոխվի, իսկ իշխանափոխության դեպքում՝ ընդամենը «շեֆերը»։

Վերադառնանք «նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը» հարցադրմանը։ Իհարկե նպատակը մարդկանց փոխելն է, բայց շատ հաճախ հնարավոր չէ անել դա՝ առանց «մարդ փոխելու»։  Ընդ որում՝ իշխանությունների համար շատ ավելի հեշտ կլիներ հեղափոխության արժեքները երկրորդ պլան մղելն ու ընդամենը «մարդ փոխելով» սեփական իշխանությունն ամրապնդելը։ Դա առանձնապես բարդ չէ՝ մի քանի հարյուր առանցքային պաշտոններում նշանակում ես յուրայիններին, մյուսները (այդ թվում՝ բիզնես-շրջանակները) հավատարմության երդում են տալիս, եւ ամեն ինչ շարունակվում է առաջվա պես։ Բայց իշխանություններն իրենց առջեւ որակապես նոր պետություն ու հասարակություն ունենալու խնդիր են դրել, այսինքն՝ գնում են շատ ավելի բարդ ճանապարհով։ Եվ եթե այս հարցի շուրջ իշխող քաղաքական ուժի ներսում տարաձայնություններ կան, ամեն ինչ պետք է շատ արագ հստակեցնել։ Հակառակ դեպքում ռեւանշի ձգտողներն ամեն ինչ կանեն՝ աննշան տարաձայնությունն անգամ լուրջ պառակտման վերածելու համար։