ՄԻԵԴ վճիռն ու Ստամբուլյան կոնվենցիայի հարցում աղմուկ-աղաղակը ստեղծում են խիստ հատկանշական կոնտրաստ

- in Կարծիք

Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին որոշումը, որ կայացրել է օրերս ՄԻԵԴ-ը, Հայաստանում արժանացել է հանրային մեծ ուշադրության:

Սակայն այդ ուշադրությունն այնքան չէ, որ ստվերի մեկ այլ աղմկոտ թեմա՝ Ստամբուլյան կոնվենցիան, որի դեմ սկսվել է ակնհայտորեն նախկին իշխող համակարգից սերվող քարոզչական պայքար: Դրա նպատակն ակնառու է. մի կողմից առաջ մղել այն մտայնությունը, թե Հայաստանում թավշյա հեղափոխությունը ինչ-որ դավադրություն էր, որի նպատակը հայկական պետականությունն ու ազգային ինքնությունը ոչնչացնելն է, մյուս կողմից հնարավորության սահմանում ստեղծել իրավիճակ, երբ իշխանությունը կարող է այդ կոնվենցիայի շուրջ խնդիր ունենալ Եվրոպայի խորհրդի հետ, որի հետ գերազանց հարաբերության մասին օրերս հայտարարել էր այդ կառույցի նախագահ Դոնալդ Տուսկը: Ընդ որում՝ հատկանշական է, որ կոնվենցիան ստորագրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեւավորած իշխանությունը, եւ այդ ստորագրության պահին չկար որեւէ ազգային աղմուկ եւ ծպտուն, որը կտագնապեր կոնվենցիայի այն վտանգների հանգույն, որի մասին այսօր շեփորում է նախկին համակարգից սերող մի ստվար շերտ՝ ազգային արժեքների խորագրի ներքո:

Փոխհատուցման մասին ՄԻԵԴ որոշումն այդ ֆոնին իսկապես հատկանշական է: 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում մի մարդու, որի իրավունքները խախտվել են 2007 թվականից սկսած, եւ ինչն արվել է մի քանի մարդկանց անչափ հարստանալու «իրավունքի» համար: Այդ մարդիկ հարստացել են, միլիոնատեր, մուլտիմիլիոնատեր, գուցե միլիարդատեր դարձել, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության հարկատուները պետք է վճարեն նրանց հարստանալու գինը՝ 1 միլիոն 600 հազար: Թեեւ, պետությունն իհարկե հարստացման քառորդ դարի ծավալվող ընթացքի համար վճարել է հազարապատիկ ավելի թանկ գին՝ որեւէ փողով չչափվող:

Ազգային արժեքների «պաշտպանության» համար դուրս է եկել մի համակարգ, որի արժեքը փողն էր, եւ որի համար տներից դուրս են շպրտվել մեր ամենաթանկ արժեքները՝ մարդիկ: Ընդ որում՝ լոկ թվում է, թե տուժել են առանձին մարդիկ, իսկ ահա պետությունը, տնտեսությունը շահել է, սկսել է աճել, այն էլ՝ աննախադեպ, երկնիշ ծավալներով: Թե ինչքան է եղել դրա իրական արժեքը, եւ որքան է իրականում եղել այդ ամենի նշանակությունը հանրության համար, ցույց տվեց 2008 թվականի նախագահի ընտրությունը, երբ տասը տարի առաջ հանրային համընդհանուր հավանության ներքո իշխանությունից հեռացած Լեւոն Տեր-Պետրոսյանը «երկնիշ աճի» դարաշրջանում կարողացավ լրջագույն ձեռնոց նետել այդ աճն ապահովող իշխանությանը: Որովհետեւ ամեն դուրս շպրտվող քաղաքացու հետ մտովի իրենց տներից դուրս են շպրտվել տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ՝ համոզված, որ ցանկացած պահի նույնը կարող է կատարվել իրենց հետ:

Այն, որ պետությունը պետք է կառուցվի, աներկբա է, բայց աներկբա է, որ այն պետք է կառուցվի ոչ թե առանձին քաղաքացու իրավունքի եւ արժանապատվության ոտնահարման, այլ հենց դրա ձեւավորման հիմքով: Եվ կառուցել այդպիսի պետություն հնարավոր է: Ու այդ պետությունն է, որ կարողանում է նաեւ բնականորեն պահպանել ազգային արժեքները եւ արժեհամակարգային ու աշխարհայացքային արդիականացումն իրականացնել ո՛չ այդ ազգայինի հաշվին: Հակառակ դեպքում «ազգային արժեքը» դառնում է զենք պետության եւ քաղաքացու դեմ, որ կիրառում են ամբողջատիրական համակարգերը՝ իրենց հակամարդկային, հակաօրինական եւ ապազգային գործունեությունը քողարկելու տակ:

Այս տեսանկյունից, «պետական կարիքների» գործով ՄԻԵԴ վճիռն ու Ստամբուլյան կոնվենցիայի հարցում աղմուկ-աղաղակը ստեղծում են խիստ հատկանշական կոնտրաստ կամ գուցե փոխլրացնում միմյանց՝ վառ ընդգծելով, թե ինչպես է փողը արժեք եւ իմաստ հռչակած նախկին իշխող համակարգը հերթական անգամ ազգային արժեքը վերածում ընդամենը իր համար գերակա այդ նյութական արժեքների պաշտպանական «զրահի»՝ գործնականում մաշեցնելով ազգայինը եւ այն զերծ պահելով արդիականի հետ որեւէ հաղորդակցությունից:

Որովհետեւ այստեղ կա նաեւ մեկ այլ խորքային խնդիր. ազգային արժեքը արդիականի հետ հաղորդակցության մեջ դառնում է ավելի կենսունակ, եւ իրապես բանիմաց, հմուտ, խորագետ հանրային եւ քաղաքական էլիտաները այդ հաղորդակցությունն օգտագործում են արդիականով ազգայինը հարստացնելու եւ առավել կենսունակ դարձնելու համար: Եվ կան այդպիսի էլիտաներով պետությունների շատ օրինակներ: Իսկ այն «էլիտաների» համար, որոնք ազգայինը դիտարկել են որպես լոկ անձնական ու խմբային նյութական գերակա արժեքների պահպանության «կամուֆլյաժ», ազգային արժեքների կենսունակացումը խիստ վտանգավոր է, որովհետեւ դրանով հարստանում է հանրային գիտակցությունը, եւ գործնականում անհնար է դառնում «ազգայինով» այն մանիպուլյացնելու մեթոդաբանությունը: Որովհետեւ հանրությունները հասկանում են, որ ազգային արժեհամակարգին եւ ինքնությանը սպառնացող ամենալուրջ վտանգը իրականում անօրինականությունն է, պետությունը փողի հետ փոխանակելը եւ ինքզինքը պետության եւ ազգի հետ նույնացնելը: