Միհրան Պողոսյանին չտրված դասը. մի պաշտոնանկություն եւ հրաժարական

Mihran Poghosyan qetrin

Երբ պետք է հրաժարական տայի, միանգամից չարեցի, ասացի պատգամավորներին դաս տալու կարիք կա, սահմանադրական թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

 http://lragir.am«Երբ առաջին անգամ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, ես այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց ասացի՝ մի փոքր պետք է համբերել. հրաժարական միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա: Դրա համար հայտարարությամբ հանդես եկա, որ՝ ինչ-ինչ, բայց դա ձեր (պատգամավորների/խմբ.) կարգավիճակից չի բխում, դուք խախտում եք օրենքը, թույլ եք տալիս հակաօրինական քայլեր: Երբ հանդարտվեց, ասացի՝ հիմա կարող եմ հանգիստ հրաժարական տալ», հայտարարել է Դանիելյանը:
Նա պատկանում է այն շրջանակին, որը քննադատում եւ ընդդիմախոսում է դատական համակարգի նկատմամբ նոր իշխանության քայլերի կապակցությամբ, այդ թվում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի:

Գեւորգ Դանիելյանը եղել է ոչ միայն ԲԴԽ նախագահ, այլ նաեւ Հայաստանի արդարադատության նախարար, այդ պաշտոնը զբաղեցնելով դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, բայց մի քանի ամիս: Դանիելյանը պաշտոնանկ եղավ այն բանից հետո, երբ չկատարեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատժելու վարչապետի հանձնարարականը:

Համենայն դեպս, վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես է բացատրել նրա պաշտոնանկությունը: ԴԱՀԿ պետ Պողոսյանը փաստացի Դանիելյանի ենթական էր, որովհետեւ այդ կառույցը արդարադատության նախարարության ներքո էր:

Եթե Դանիելյանն իրավասու չէր պատժել Պողոսյանին, ապա առնվազն պետք է դաս տար վարչապետ Տիգրան Սարգսյանին նույն կերպ, ինչ կերպ խոսում է ներկայում մի քանի պատգամավորի դաս տալու մասին:

Բայց, Գեւորգ Դանիելյանն արդարադատության նախարարի պաշտոնից հեռացավ լռելյայն: Ընդ որում, նա կամ վարչապետին դաս չտվեց՝ իրեն անկարելի հանձնարարական տալու համար, կամ էլ չկարողացավ դաս տալ Միհրան Պողոսյանին:

Որովհետեւ Միհրան Պողոսյանը ներկայիս ԱԺ Իմ քայլը մեծամասնության պատգամավոր չէր եւ նրան դաս տալը Գեւորգ Դանիելյանի համար կարող էր նաեւ ունենալ որոշակի հետեւանք: Որովհետեւ Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ զարմիկն էր, Սարգսյանի հովանու ներքո գտնվող անձ, որի անվանը կարող էր վստահվել օրինակ Պանամական օֆշորի «օբշակը»:

Ու քանի որ Գեւորգ Դանիելյանը սթափ գնահատեց իրավիճակը եւ նախընտրեց աբողջապես շնորհազրկվելու փոխարեն չգնալ ավելորդ կոնֆլիկտի, թեկուզ զրկվելով նախարարի պաշտոնից, մի քանի տարի անց հայտնվեց Սահմանադրական փոփոխության աշխատանքային խմբում, իսկ հետո Բարձրագույն դատական խորհրդում:

Դանիելյանն անշուշտ ոլորտի լավագույն մասնագետներից է, սակայն մեծ հավանականությամբ գնահատվել է նրա համակարգային ողջախոհությունը, ոչ թե մասնագիտական ունակությունները: Որովհետեւ Դանիելյանն այդուհանդերձ անփոխարինելի մասնագետ չէր:

Ըստ այդմ, երբ Գեւորգ Դանիելյանը ներկայում խոսում է դատական համակարգի անկախության եւ անձեռնմխելիության մասին, պատկերը ստացվում է մի փոքր արհեստական, որովհետեւ արդարադատության նախարար եւ ԲԴԽ անդամ եղած պաշտոնյան թերեւս ամենից լավ գիտե, թե իրականում ինչպես է ձեւավորվել եւ աշխատել այդ համակարգը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան