Միջազգային հարցման արդյունքներ՝ ՀՀ նախագահի, վարչապետի և կուսակցությունների վարկանիշը

- in Կարծիք
Hashvark

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատանքը: Հարցվածների 13 տոկոսն էլ գնահատում է անբարենպաստ: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, հարցման արդյունքների համաձայն, բանակի աշխատանքը բարենպաստ է գնահատել 80 տոկոսը, անբարենպաստ՝ 15-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը բարենպաստ է համարում 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

Հարցվածների 71 տոկոսը դրական է համարել Հայ առաքելական եկեղեցու աշխատանքը, անբարենպաստ՝ 23 տոկոսը: Բարձր է նաև Ազգային ժողովի աշխատանքի գնահատականը: Հարցվածների 62 տոկոսը ԱԺ-ի աշխատանքը բարենպաստ է համարում: Դժգոհողների թիվը կազմում է 34 տոկոս: Հիսուն տոկոսից ավելի ստացել են կառավարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ամենաբացասականը գնահատվել է դատարանների աշխատանքը, հարցվածների 57 տոկոսը դժգոհել է, միայն 36-ն է նշել բարենպաստ: Բացասական գնահատականի բարձր տոկոս ունի դատախազությունը: Հարցվածների 50 տոկոսը անբարենպաստ է գնահատել, 42 տոկոսը՝ բարենպաստ: Տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետներին, քաղաքական կուսակցություններին տրված  դրական կամ բացասական գնահատականներն էլ գրեթե նույն մակարդակի վրա են՝ տատանվելով 43-48 տոկոսի սահմաններում:

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունը բաց և թափանցիկ է գնահատել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թափանցիկ ու բաց լինելու  առումով ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը  շատ բարենպաստ է համարել հարցման մասնակիցների 37 տոկոսը, ավելի շուտ բարենպաստ՝ 35 տոկոսը, ավելի շուտ ոչ բարենպաստ՝ 16 տոկոսը, շատ անբարենպաստ՝ 5 տոկոսը:

Հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքն ընդհանուր առմամբ բարենպաստ է  համարել 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 56 տոկոսը հայտնել է, որ երբեք չէր քվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցվածների 23 տոկոսը հայտնել է, որ երբեք չէր քվեարկի ՀՅԴ-ի, 12 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 11 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին:

«Իմ քայլը» դաշինքի օգտին երբեք չէր քվեարկի հարցվածների 10 տոկոսը:

Հարցման մասնակիցների 14 տոկոսը ոչ մի կուսակցության օգտին երբեք չէր քվեարկի:

Մասնակիցների 11 տոկոսը հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին երբեք չէր քվեարկի, տվել է «չգիտեմ» պատասխանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 94 տոկոսը բարձր է գնահատում Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Բացասական է գնահատում ընդամենը 1 տոկոսը: Մնացած 5 տոկոսը չի պատասխանել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, Վրաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի մասին է խոսում հարցվածների 92 տոկոսը: Հարցվածների 89 տոկոսը դրական է համարում Հայաստանի հարաբերությունները Իրանի և Չինաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական է համարում 88 տոկոսը: Համագործակցության մակարդակի բարձր գնահատական ունեն ԵՄ-ն՝ 82 , ԱՄՆ-ն՝ 81, Ուկրաինան՝ 77 տոկոս:
Հարցվածների 97 տոկոսը Հայաստանի հարաբերությունները վատ է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավել կարեւոր քաղաքական գործընկերներ  Հայաստանի համար» հարցին ի պատասխան հարցվածների ամենաբարձր՝ 78 տոկոսը Հայաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ռուսաստանը: Հարցվածների 46 տոկոսը կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ֆրանսիան, 37 տոկոսը՝ Վրաստանը: Հայաստանի համար որպես սպառնալիք հանդիսացող երկրներն են Ադրբեջանը՝ 85 տոկոս, Թուրքիան՝ 76 տոկոս:

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավելագույն կարեւոր տնտեսական գործընկերներ  Հայաստանի համար»: Հարցման մասնակիցների 62 տոկոսը համարում է Ռուսաստանը, 51 տոկոսը՝ Վրաստանը, 46 տոկոսը՝ Իրանը, 20 տոկոսը՝ ԵՄ-ն: Տնտեսական առումով սպառնալիք հանդիսացող երկրներն են Թուրքիան և Ադրբեջանը:

Հարցվածներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: 2019 թվականի մայիսի դրությամբ հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարել, 45 տոկոսը՝ մասնակի դրական: 2018 թվականի օգոստոսին այս ցուցանիշը հետևյալ պատկերն է ունեցել: Մասնավորապես, 31 տոկոսը շատ դրական է գնահատել, 47 տոկոսը՝ մասամբ դրական:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրին, ապա հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարում, 44 տոկոսը՝ մասնակի դրական: Հարցվածների 9 տոկոսը մասնակի բացասական գնահատական է տվել, իսկ 4 տոկոսը՝ ամբողջությամբ բացասական: