Մոսկվան տանիք է հանդիսանում ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային դերակատարություն ունեցող երկու ֆիգուրանտների համար

- in Կեղտոտ լվացք
Mihran Poghosyan qetrin

Հեղափոխությունը սկզբունքորեն նախադրյալներ էր ստեղծել ռուսական վասալության չեղարկման ու հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը գնաց միանգամայն այլ ճանապարհով։

Երբ քաղաքական կոմֆորտը կառուցվում է նախկին համակարգի հետ հակադրության ռեժիմում, ապա գոնե անուղղակիորեն նախկինների քաղաքական ռեաբիլիտացիան ապահովված է։ Նման կոնֆիգուրացիան խիստ բարենպաստ էր Մոսկվայի համար, որը Քոչարյանի գործոնի խաղարկմամբ կարողացավ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը որակապես չտարբերվի նախորդ քսանամյակում վարված քաղաքականությունից, ավելին՝ Քոչարյան-Սարգսյան զույգի ռուսամետությունը հիմա տրասնֆորմացվել է Փաշինյանի պուտինամետության։

Այլ խոսքով՝ Մոսկվային հաջողվեց Հայաստանում ստեղծել մի համակարգ, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը Պուտինին անընդհատ պետք է ապացուցի, որ նախկիններից ավելի նվիրված է ռուսական շահերին։ Ահա թե որն է Քոչարյանի «ֆենոմենը» հայ-ռուսական հարաբերություններում. դրա համար ենք պնդում, որ դա ոչ թե երկրորդ նախագահի տաղանդի, այլ ներկաների անտաղանդության հետևանք է։

Արդեն զարմանալի չէ, որ Մոսկվան տանիք է հանդիսանում ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային դերակատարություն ունեցող երկու ֆիգուրանտների, այլ նաև հայկական քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների համար, որոնք թվում է՝ որևէ կարևորություն չպետք է ունենային իրենց քրեական հետագծի ու, մեղմ ասած, կասկածելի համբավի հետևանքով։

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Կայքերից մեկի ունեցած հավաստի տեղեկություններով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև ՀՀ իշխանություններին, որոնք ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։ Կայքի տեղեկությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանի ընտանիքը ևս տեղափոխվել է ՌԴ։

Ի դեպ, այնքան էլ համաձայն չեմ, թե Հայաստանի իշխանությունների համար իրադարձությունների զարգացման այս սցենարն անակնկալ է. դեռ շաբաթներ առաջ Հայաստանի գլխավոր դատախազն ակնարկել էր այս մասին։ «Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը, որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում»,- ասել էր Արթուր Դավթյանը՝ չբացառելով, որ ռուսական կողմը ապաստան կտա Միհրան Պողոսյանին, և արտահանձնումը կչեղարկվի:

Միհրան Պողոսյանի համար «արտասվում» է քրեական օրենսգիրքը՝ ինչպես կասեր դասականը, ու հաստատ նրա «բացառիկ» գործոնը չէ, որ ստիպում է Մոսկվային հարաբերություններ փչացնել Երևանի հետ։ Պուտինի շրջապատում հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հաղթահարել Մոսկվայից եկող վախերը ու թերևս որոշել են նրանից պոկել հավատարմության հերթական դրսևորումը։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու նման մի բան չկարողանար գտնել կամ չհայտարարեր, թե ինքը ԱՄՆ-ին ամենաթունդ «կպած» Հայաստանի ղեկավարն է, ապա ռուսական շահերի «արևով երդվող» հայկական հինգերորդ շարասյունը վայնասուն կբարձրացներ, թե Պուտինը չի վստահում Փաշինյանին։

Արդյունքը դարձյալ նույնն է, որովհետև նախկինների հետ հակադրության մեջ իր քաղաքական կոմֆորտը գտած Փաշինյանը նրանց հակադրվելու համար կապացուցի, որ Հայաստանի համար Մոսկվայից այն կողմ աշխարհ գոյություն չունի։