Շատերը թերահավտորեն էին մոտենում Արմեն Սարգսյանի նախագահական մանդատին, մանավանդ, որ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի գործուն ջանքերով Սարգսյանը ստացել էր էապես «խուզված» լիազորություններ։

Սակայն Արմեն Սարգսյանն անգնհատաելի կայունացնող դեր կատարեց հեղափոխության օրերին ու դրան հաջորդած ամիսներին։

Նախագահը մի կողմից զսպում էր հեռացող կամ հին համակարգից եկող ուժային ռիսկերը, մյուս կողմից՝ զսպում էր հեղափոխության ալիքի հնարավոր հախուռն դրսևորումները։ Թերևս այս հանգամանքերի շնորհիվ՝ Արմեն Սարգսյանն այսօր հանրային բավականին մեծ վստահություն է վայելում, մանավանդ, որ Հայաստանին է ծառայեցնում իր ունեցած բազմաշերտ միջազգային կապերը։

Այս իրավիճակը Սարգսյանին հավասարապես խոցելի է դարձնում հին համակարգի ներկայացուցիչների ու հեղափոխության թիմի որոշ գործիչների կողմից։ Հները համարում են, որ Արմեն Սարգսյանը դավաճանել է իրենց, նորերը խանդով են վերաբերում նախագահի միջազգային հեղինակությանը, որը վաղ թե ուշ վերածվելու է ներքաղաքական կապիտալի։

Սակայն նույնիսկ այս իրավիճակում Արմեն Սարգսյանը շարունակում է դրսևորել զուսպ, կայունացնող դերակատարություն՝ չտրվելով ռեստավրացիայի կողմնակիցների շանտաժին ու հեղափոխական իշխանության ինտրիգներին։

ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը երկփեղկել է ոչ միայն հասարակությանն ու քաղաքական ուժերին, այլ նաև՝ մասնագիտական շրջանակներին։ Ակնհայտ է, որ ճգնաժամի, այսպես կոչված, հեղափոխական հանգուցալուծումը հանգեցնելու է ՍԴ լեգիտիմության կորստին ու մեծ հաշվով՝ վտանգելու է դատական ռեֆորմը, մյուս կողմից՝ ՍԴ-ում ստաստուս-քվոյի պահպանումը ականապատելու է առնվազն սահմանադրական արդարադատությունը։

Նման իրավիճակում քաղաքական համախոհությունը դառնում է կարևոր այն բաղադրիչը, որը պետք է հանգեցնի օպտիմալ լուծումների։ Օրինակ՝ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը խանդավառությամբ են ընդունում Վահե Գրիգորյանի մոտեցումները, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովից ազդանշաններ են գալիս, որ եվրոպական հեղինակավոր կառույցը միանշանակ չի համարելու բացառապես քաղաքական լուծումների ու միջամտությունների լեգիտիմությունը։

Այս պարագայում Արմեն Սարգսյանի երեկվա դիրքորոշումը կայունացնող նշանակություն ունի, կոնկրետ դեպքում՝ հեղափոխականությունը զսպելու և ավելի ռացիոնալ լուծումներ գտնելու իամստով։

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։

Ինչպես տեսնում ենք՝ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին գնահատականներ տալուց, ինչպես նաև՝ հեշտ լուծումներ գտնելու գայթակղությունից։ Իհարկե, նման դիրքորոշումը հավասրապես քննադատվելու է թե հեղափոխականների և թե հակահեղափոխականների կողմից, սակայն ռացիոնալ լուծումներ հնավոր է գտնել միայն բարիկադների վերացումից հետո։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...