Hracan

1978 թվականի հունիսին Աբովյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունք դիմեց մի տղամարդ ու հայտնեց, թե մեկ օր առաջ ինքը կնոջն ու 11 տարեկան որդուն ավտոբուսով ճանապարհել է Շամշադինի շրջանի գյուղերից մեկը՝ իր հայրական տուն, բայց նրանք տեղ չեն հասել:

Սկզբում հարցուփորձ արեցին ընտանիքի բարեկամներին, մտերիմներին, սակայն կինն ու երեխան չհայտնաբերվեցին:

Պարզվեց, որ ընտանիքը բնակվում էր Աբովյանում: Միլիցիա դիմած տղամարդը՝ Գևորգը, վրաերթ կատարելու համար դատապարտված էր եղել և ութ ամիս առաջ էր ազատություն վերադարձել: Հարևանները հայտնեցին, որ ազատություն դուրս գալուց ի վեր Գևորգը շատ անհաշտ էր ապրում կնոջ հետ:

Գևորգը շարունակում էր պնդել, թե Երևան-Սևան մայրուղու վրա կանգնեցրել է Շամշադին մեկնող ավտոբուսը, կնոջն ու որդուն նստեցրել է այդ ավտոբուսն ու հրաժեշտ է տվել: Սակայն նշված օրը նշված երթուղին սպասարկող ավտոբուսների ոչ մի վարորդ չհաստատեց Գևորգի վարկածը՝ ոչ մեկը չհիշեց հիշյալ մայրուղում կանգնելու, երկու ուղևոր վերցնելու մասին:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվեցին: Շարունակվեցին նաև Գևորգի բողոքները՝ նա դժգոհ էր միլիցիայի աշխատանքից, համարում էր, որ անհրաժեշտ ջանասիրություն չի դրսևորվում՝ իր կնոջն ու որդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Օրեր անց մի աբովյանցի տեղեկություն հայտնեց, թե Իրանից հյուր ունի, ում հետ շրջել է մոտակա սարերում ու նկատել է, որ շները փորփրելով հողը՝ ինչ-որ բաներ են հանում:

Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերեցին կիսաթաղ երկու դիակ: Հողից դուրս մնացած մարմնամասերը հոշոտված էին կենդանիների կողմից:

Հաստատվեց, որ հայտնաբերվածները երիտասարդ կնոջ ու 10-11 տարեկան տղայի դիակներ են: Դիակների զննությամբ հայտնաբերվեց, որ հրազենային վնասվածքներ կան սպանվածների գլխի շրջանում:

Գևորգը հաստատեց, որ հայտնաբերվել են իր կնոջ ու որդու դիակները: Նա սուգ ու շիվան էր անում, ողբում էր կորուստը, միաժամանակ առաջ էր քաշում իր վարկածը՝ ինչ-որ չարագործ, հավանաբար՝ բռնաբարելու նպատակով առևանգել է կնոջը, իսկ որդուն սպանել է՝ ավելորդ վկայից ազատվելու նպատակով:

Մինչ Գևորգը վարկածներ էր առաջ քաշում, իրավապահները պարզեցին՝ կալանավայրից ազատվելու հաջորդ օրը Գևորգը այնպես է ծեծել կնոջը, որ վերջինս անկողին է ընկել: Ծեծի պատճառն այն էր եղել, որ կինը Գևորգի բացակայության ընթացքում գնացել էր ծանոթներից մեկի հարսանիքին: Ըստ Գևորգի՝ այդ ծանոթը կնոջ վրա վաղուց «աչք ուներ»…

Իրավապահները ևս մեկ կարևոր տեղեկություն ստացան՝ Գևորգը կարճափող հրացան ուներ, հաճախ այդ հրացանը վերցնում ու Շամշադին՝ հայրական տուն էր գնում:

Օպերատիվ խումբը մեկնեց Գևորգի հայրական տուն՝ մինչ այդ շամշադինցի գործընկերներից որոշ մանրամասներ պարզելով Գևորգի ծնողների վերաբերյալ:

Պարզվեց՝ Գևորգի մայրը նախկինում երկու անգամ դատապարտված էր եղել՝ սեփական երեխային սպանելու, ապա՝ կոլտնտեսության կովերի ոտքերի ջլերը կտրելու համար: Գևորգի հայրը խելոք, սուսուփուս մարդ էր:

Երբ վերջինս մի պահ մենակ մնաց օպերատիվ խմբի հետ, պոռթկաց. «Կնոջն ու էրեխուն հենց Գևորգն ա սպանել: Մի քանի օր առաջ էկավ, հրացանը վերցրեց, հետը տարավ, գնալուց առաջ էլ մորն ասավ՝ գնալու եմ էն լրբին սատկացնեմ…»:

Ծերունու խոսքի կեսից սենյակ մտավ նրա ճարպիկ կինը, ծերունին վախվորած լռեց: Բայց կինը հասցրել էր ինչ-որ բան լսել, ներկաների համար անսպասելի հարձակվեց ամուսնու վրա. «Ձենդ կտրի՛, դանակը փորդ կխրեմ…»:

Ուշ երեկոյան քրեական հետախուզության բաժանմունքի աշխատողները Աբովյանում թակեցին հինգերորդ հարկում բնակվող Գևորգի տան դուռը՝ ասելով, թե բռնել են նրա կնոջն ու երեխային սպանողին: Բայց Գևորգը դուռը չբացեց ու ներսից գոռաց. «Դուռը չեմ բացի: Իսկ եթե փորձեք ուժով բացել, ինձ պատուհանից ցած կգցեմ… Դուք իսկական սպանողին չեք գտել, գիտեմ, ուզում եք ինձ խաբս տալ»:

Մի քանի միլիցիոներների թողնելով Գևորգի բնակարանի մուտքի մոտ դարանակալած՝ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատողները ձևացրին, թե հեռանում են: Քիչ անց մութ շքամուտքում հայտնվեց Գևորգը՝ նա փորձում էր փախուստի դիմել, բայց անմիջապես բռնվեց դարանակալած միլիցիոներների կողմից:

Դատարանը հաստատված գնահատեց Գևորգին առաջադրված մեղադրանքը՝ երկու մարդու դիտավորյալ սպանություն:

Գևորգ Գ.-ն դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...