Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ՝ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

Քրեական գործ հարուցելու՝ դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը՝ մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում:

Գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, որ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»: Իրավապահ մարմինը կտրականապես հերքել էր, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ՝ պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:

Այսպիսով՝ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում էր Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում էլ այս դատավորը մայիսի 18-ին ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը։ Դրանից հետո Հայաստանում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնք, ցավոք, չեն հանգեցրել դատական համակարգի էական բարեփոխումների մեկնարկին, մյուս կողմից՝ մեծացնելով իրավիճակային լուծումների գայթակղությունը, որը հազիվ թե նպաստի ավելի արդյունավետ արդարադատության իրականացմանը կամ Մարտի 1-ի գործի լեգիտիմացմանը։

Մի կողմից՝ նախկին քրեաօլիգարխիկ համակարգը բացահայտ մարտահրավեր է նետում հեղափոխությանը, որը լակմուսային դրսևորում է ունենում Մարտի 1-ի գործում, մյուս կողմից՝ գործող իշխանությունը, արմատական ռեֆորմի գնալու փոխարեն, դիմում է իրավիճակային լուծումների, որոնք, սակայն, կարող են հարուցել նոր պրոբլեմներ։

Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ակնհայտորեն ոչ իրավական որոշում կայացրեց՝ մայիսի 18-ին փոխելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ու գործը ՍԴ հասցեագրելով։ Ակնհայտորեն գործ ունենք հեղափոխության օրակարգի չեղարկմանն ուղղված նպատակային մի ծրագրի հետ, որտեղ նախկին համակարգը փորձում է ներգրավել նաև արտաքին շահառուների։ ՍԴ-ն փորձում է հասնել Քոչարյանի արդարացմանը Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի միջոցով։ Այս պարագայում իշխանության պատասխան հակահարվածը կանխատեսելի էր, մանավանդ, որ դատական համակարգը գործում է ոչ թե իրավունքի ուժով, այլ նախկին համակարգի թելադրանքով։

Այլ խնդիր է, թե ինչքանով է արդյունավետ ընտրված ճանապարհը։ Եթե, օրինակ, պարզվի, որ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ, ապա իշխանություններն ակամայից «նվեր» են նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի համար, որը հնարավորություն է ստանում միջազգային դատարաններում պնդելու, որ հեղափոխության թիմը Մարտի 1-ի գործով թիրախավորված ճնշում է գործադրում դատարանների վրա՝ ցանկալի որոշումներ կորզելու նպատակով։

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմն ի սկզբանե հետամուտ էր Մարտի 1-ի գործի ապալեգիտիմացմանը, իշխանությունը, ցավոք, էապես նպաստեց Քոչարյանի փաստաբանների այդ օրակարգին։ Խնդիրը Դավիթ Գրիգորյանը կամ այլ դատավոր չէ. դատական այսօրվա համակարգն օբյեկտիվորեն չի կարող նպաստել նախկին ռեժիմի հանցագործությունների բացահայտմանը։ Սա իշխանության համար ակնհայտ պետք է լիներ դեռ մեկ տարի առաջ, երբ նա ձեռնամուխ եղավ Մարտի 1-ի և այլ աղմկոտ գործերի բացահայտմանը։ Արդյունավետ նախաքննություններին զուգահեռ՝ պետք է իրականացվեր դատական ռեֆորմ, որպեսզի «ջուրը չլցվեին» նախաքննական մարմինների կարևոր բացահայտումները։

Իշխանությունները մեկ տարի հապաղել են, հիմա փորձում են գտնել իրավիճակային լուծումներ՝ դատական արմատական ռեֆորմի, վեթինգի ու անցումային արդարադատության գործիքակազմ ներդնելու, դրա շուրջ քաղաքական ու հանրային լայն համախոհություն ապահովելու փոխարեն։

Ամբողջ խնդիրն այն է, որ նման գործելաոճը կարող է խորացնել Մարտի 1-ի գործի ապալեգիտիմացման գործընթացը, ինչի միջազգային հետևանքները դժբախտաբար կանխատեսելի են։

Դավիթ Գրիգորյանը հանցագործ է, թե չէ՝ դա խնդիր է, որը կպարզեն իրավապահները, սակայն Մարտի 1-ի գործը ստանձնող նոր դատավորը ի սկզբանե հայտնվելու է իրավական լուծումների հարթությունից դուրս՝ գտնվելով նախկինների հետևողական ճնշման ու ներկաների կիսատ-պռատ լուծումների արանքում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...