Նիկոլ Փաշինյան-Ռոհանի զրույցը է՛լ ավելի հետաքրքիր է դառնում

- in Հրապարակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ օրակարգի, նաեւ ԵՏՄ-Իրան գործակցության հետ կապված հարցեր, նաեւ ռեգիոնալ զարգացումներ:

Անկասկած է, որ Հայաստանի եւ Իրանի ղեկավարների հեռախոսազրույցը ինքնին արդեն իրականություն է, սակայն առավել քան հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում երկու էական հանգամանքի ֆոնին:

Նախ՝ հուլիսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտարարել, որ Երեւանը Իրանի հետ սկսել է քննարկում ներքին սպառման գազ գնելու համար՝ վճարելով դրա դիմաց ապրանքով: Մհեր Գրիգորյանն ասել էր, որ նախկինում երբեք չի քննարկվել այդպիսի հարց: Մհեր Գրիգորյանն օրերս է վերադարձել Իրանից, որտեղ մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ հանդիպել նաեւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ: Եվ ահա, Գրիգորյանի այդ հայտարարությունից հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Ռոհանիի հետ բավականին հետաքրքիր է:

Եվ մյուս հանգամանքն այն է, որ հեռախոսազրույցից ժամեր առաջ, փաստորեն, տեղի է ունեցել Հայաստանի էներգահամակարգի խոշոր վթար, առայժմ հստակ չպարզաբանված պատճառով: Այդ վթարը ինքնին հետաքրքիր դիտարկումների է արժանացել հենց Մհեր Գրիգորյանի հայտարարության ֆոնին, որն այլ բան չէ, քան ռուսական գազի այլընտրանքի որոնման կոնկրետ գործողության մասին ազդարարում: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է Հայաստանի էներգահամակարգում վթարը, որը բերել է երկու խոշոր էներգաարտադրողի աշխատանքի անջատման եւ էներգետիկ արտակարգ իրավիճակի: Միայն հայ մասնագետների ջանքերի շնորհիվ է հաջողվել խուսափել ուղղակի աղետալի հետեւանքից: Եվ այս արտակարգ իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյան-Ռոհանի զրույցը է՛լ ավելի հետաքրքիր է դառնում՝ հատկապես նկատի ունենալով մի նուրբ հանգամանք եւս:

Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ էներգավթարի երեք վարկածներից մեկը Իրանի համակարգում եղած տատանումը կարող էր լինել, որը երկու երկրների էներգետիկ համակարգերի միակցվածության պայմաններում կարող էր բերել նաեւ հայկական համակարգի վթարի: Իհարկե, նախարարի տեղակալը նշել էր, որ դա հավանական, սակայն վարկածներից ընդամենը մեկն է, այդուհանդերձ այդ հանգամանքը եռակի հետաքրքիր է դարձնում Փաշինյան-Ռոհանի հեռախոսազրույցը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցածի շուրջ քննարկման մասին, սակայն սա, իհարկե, ամենեւին չի նվազեցնում հեռախոսազրույցի հետաքրքրությունը: Մեծ հաշվով, էներգահամակարգի վթարը հնարավոր է գնահատել նույնիսկ ոչ միայն Հայաստանին, այլ մի շարք հանգամանքների բերումով նաեւ Իրանին նետված, կամ հայ-իրանական գործակցությանը նետված մարտահրավեր, եւ այդ ֆոնին իրապես խիստ հատկանշական է, որ Փաշինյանն ու Ռոհանին բավականին օպերատիվ կապվել են միմյանց հետ: