Նոր մանրամասներ Բարենցի ծովում ռուսական սուզանավում աղետից

- in Միջազգային
nav

Ռուսական լրատվամիջոցներում նոր մանրամասներ են հայտնվում հուլիսի 1-ին տեղի ունեցած վթարի մասին, որի հետևանքով զոհվել է 14 նավաստի: Լրատվամիջոցներն աստիճանաբար պարզում են զոհերի անունները, միջադեպի հանգամանքները:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 14 նավաստիների մահվան մասին հայտնել է հուլիսի 2-ին: ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշված էր, որ հուլիսի 1-ին գիտահետազոտական խորջրյա սարքում, որը նախատեսված է ստորջրյա ռելիեֆի ուսումնասիրության համար, հրդեհ է բռնկվել, և 14 նավաստիներ զոհվել են ծխային թունավորումից:

Հաղորդագրությունում նշված է, որ սարքն այժմ գտնվում է Սևորոմորսկի ռազմաբազայում: ՌԴ ՊՆ-ն չի նշել, թե որ սարքում է տեղի ունեցել վթարը:

Rbc.ru-ն պարզել է, որ հրդեհը բռնկվել է «Կալիտկա» (ոչ պաշտոնական անվանումը «Լոշարիկ») անունով սարքում:

Զոհված նավաստիներից 7-ն առաջին աստիճանի կապիտաններ էին, 2-ը՝ Ռուսաստանի հերոս:

Ռազմածովային ուժերի հարցերով փորձագետ Իլյա Կրամնիկը նշել է, որ Լոշարիկում բարձրագույն սպայակազմի մեծ թվով ներկայացուցիչների առկայությունը վկայում է, որ «հնարավոր է, պատրաստվում էին ինչ-որ բան փորձարկել»:

Հուլիսի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատմել է, որ հրդեհի ժամանակ առաջինը տարհանել են արդյուանբերության ոլորտի քաղաքացիական ներկայացուցչին, որից հետո անձնակազմի անդամները փորձել են մարել հրդեհը: Շոյգուն նշել է, որ 14 հոգի մահացել են, իսկ մյուսներին հաջողվել է փրկել, հայտնում է Նովայա գազետան:

Շոյգուն նշել է, որ նրանք իրենց կյանքի գնով կատարել են բարդ առաջադրանքը՝ մարել են հրդեհի օջախը, փրկել իրենց ծառայակիցներին ու սարքը, հայտնում է ՏԱՍՍ-ը: