Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել Հայաստանում հուլիսի 10-ի կեսօրին արձանագրված էներգետիկ խոշոր վթարի վերաբերյալ:

Հակոբ Վարդանյանը խոսել է առաջացած վթարի երեք հնարավոր վարկածի մասին. խնդիր Երեւանի ՋԵԿ-ում, որը շղթայական ազդել է ամբողջ համակարգի վրա, խնդիր Հրազդանի 5-րդ բլոկում, որը եւս շղթայաբար տարածվել է համակարգի վրա եւ բերել խափանման, եւ տատանում իրանական էներգահամակարգում ու դրա ազդեցություն Հայաստանի վրա, քանի որ այդ պահին համակարգերը եղել են միացված եւ Հայաստանից էեկտրաէներգիա է արտահանվել Իրան:

Նախարարի տեղակալը նշել է, որ հավանական է Իրանի համակարգից ազդված վթարի տարբերակը, քանի որ իրանյան կողմը հաստատել է, որ իրենց համակարգում էլ ունեցել են տատանում: Վարդանյանի խոսքով, Հայաստանի էներգահամակարգը Իրանի համեմատ շատ փոքր է եւ այստեղ եղած վթարը չէր կարող շղթայական զգացնել տալ Իրանում: Բոլոր դեպքերում, ըստ նախարարի տեղակալի, վերջնական հստակ վարկածը՝ թե ինչից է եղել տատանումն ու վթարը Հայաստանի էլհամակարգում, պետք է հաստատվի քննությամբ եւ ամողջական ուսումնասիրությամբ:

Պաշտոնյան հայտարարել է, որ, եթե պարզվի մարդկային գործոնի առկայությունը, ապա ըստ պատասխանատվության չափի կկիրառվի օրենքը՝ եթե աշխատանքից ազատման հարց է, ապա կլինի այդպես, իսկ եթե կա քրեական պատասխանատվության խնդիր, ապա կլինի այդպիսի զարգացում:

Հակոբ Վարդանյանն ասել է, որ ժամը 16-ի դրությամբ վերականգնված է Հայաստանի մոտ 70 տոկոս էներգամատակարարումը, վթարից հետո գործի են դրվել արտադրող մյուս հզորությունները, որոնք մինչ այդ անջատված էին համակարգից, այդ թվում Սեւան-Հրազդան հիդրոկասկադը: Նրա խոսքով, ակնկալում են, որ առաջիկա մեկ-երկու ժամերի ընթացքում կվերագործարկվեն Հրազդանի հինգերորդ բլոկի ու Երեւանի ՋԷԿ տուրբինները եւ հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի ամբողջական մատակարարումը:

Փոխնախարարը նշել է, որ պետք է շնորհակալություն հայտնել մեր մասնագետներին, որոնք կարողացել են վթարի պայմաններում անել այնպես, որ համակարգը պահպանի իր աշխատանքը եւ չիջնի զրոյի: Ըստ նրա, դա հաջողվել է հայ մասնագետների լավ աշխատանքի շնորհիվ: Այդ իմաստով Վարդանյանը հիշատակել է նախորդ տարի Ադրբեջանում տեղի ունեցած խոշոր վթարի, որի ժամանակ, ըստ նրա, նրանց համակարգը իջել էր զրոյի եւ լույս չունեին մի քանի օր:

Ադրբեջանում վթարը տեղի էր ունեցել Մինգեչաուր ՀԷԿ-ում, որի հետեւանքով խափանվել էին նաեւ իրականացվող խոշոր զորավարժությունները, հոսանքազրկվել էր նաեւ մայրաքաղաքը՝ Բաքուն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...