Շիրակի մարզը ցրտահարվել է, որոշ բնակավայրերում -1 է գրանցվել

- in Սոցիալական

Շիրակցին հունիսի կարկուտը դեռ չմարսած, հուլիսին նոր աղետի զոհ դարձավ՝ բերքը ցրտահարվել է: Մեկ օր առաջ մարզի Աշոցքի տարածաշրջանում հուլիսի սկզբի համար անսովոր ջերմաստիճան՝ -1, որոշ բնակավայրերում -2 գրանցվեց:

Աշոցքը խոշորացված համայնք է, կազմում 11 բնակավայր ունի: Բոլորն էլ, առանց բացառության տուժել են: Այս տարածաշրջանում հիմնականում կարտոֆիլ եւ հնդկացորեն են մշակում: Հենց այդ ցանքատարածություններն էլ կրել են մեծ վնասներ: Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ մասնագիտական հանձնաժողովը տուն առ տուն շրջում, վնասն արձանագրում է, հավանաբար մինչեւ շաբաթվա վերջ հստակ պատկեր կունենան: Բայց նախնական դիտարկմամբ էլ կարող է ասել, որ գյուղացու կրած վնասի չափը մեծ է: «Դեռ կարկուտի ժամանակ էր 6 հա ցանքատարածություն վնասվել: Հիմա էլ ցրտահարությունից տուժել է Բավրան, Սարագյուղը, Կրասարը, Աշոցքը, Սիզավետը: Հիմնականում կարտոֆիլն է վնասված: Մոտ 30-40 տոկոս վնասված է հաստատ»:

Կարեն Մանուկյանն ասաց՝ կարտոֆիլը հնարավոր է հավելյալ գյուղատնտեսական միջամտությունների արդյունքում ինչ-որ չափով վերականգնել, սակայն ոսպն ու հնդկացորենը վնասված են լիովին: «Մենք ոսպ ունեինք, դա է վնասված: 3 համայնքը միասին 6-7 հա վնասված ոսպ ունենք: Ոսպը նաեւ կարկտահարվել էր, հիմա էլ ցրտահարվեց: Անհնար է արդեն, որ վերականգնվի: Իսկ կարտոշկեն ուրիշ է, մենք նման դեպք էլի ունեցել ենք, որ ցրտահարվի»-ասաց Աշոցքի համայնքապետը:

Սարագյուղում եւս վնասի հաշվառում է կատարվում: Գյուղացին իր կրած վնասի չափը, սակայն, առանց պաշտոնական փաստաթղթի էլ լավ է պատկերացնում: Բույսի լեզուն հասկացող հողի մշակը գյուղատնտեսական այս տարին կորած է համարում: Այստեղ 5 հա կարտոֆիլ է ցրտահարվել: Վարչական պատասխանատու Գրիգոր Գրիգորյանը նախնական թիվ է ասում՝  80-ից 90 տոկոս է վնասի չափը: Ամենաշատն էլ հենց վարչական պատասխանատուն է վնաս կրել: ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ ցրտահարված 5 հա կարտոֆիլից 1 հա-ն իրենն է: «Եթե վերականգնվելու հնարավորություն լինի կանենք, բայց պետք է հավելյալ պարարտանյութ տանք, էլի մշակենք: Էդ դեպքում էլ 30-ից 40 տոկոս կվերականգնվի, ոչ ավել: Թե չէ, որ իրան թողնինք, ինքնուրույն չի վերականգնվի»,-ասաց Սարագյուղի վարչական պատասխանատուն: Նաեւ նշեց՝ խոտն էլ է ցրտահարվել: «Ետ է աճել, էդպես ենք ասում»,-բացատրեց Գրիգորյանը:

Բավրայում մոտ 6 հա հնդկացորեն է ցրտահարվել: Նաեւ կարտոֆիլի թփերն են սեւացել: Վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանն ասաց՝ մի քանի օրից իրական վնասը կերեւա: «Բայց որ էսպես էլ նայում ես, տեսնում ես, որ ամբողջովին վնասված է, մե շաբաթից պարզ կերեւա, բույսը էլ կաշխատի, թե՝ չէ: Մասնագետները կասեն»:

Սամբուլյանն ասաց՝ վնասված հնդկացորենը 2 անհատի է պատկանում, մյուս գյուղացիները չունեն նման ցանքասեր: «էդ 5.70 հա-ն երկու հոգու էր, նախկին գյուղապետներինն էր, մեկն առաջվա գուղապետինը, մեկն էլ Բավրայի: Բայց հեչ չեմ կարա ասեմ, թե գռեչկեն ոնց կվերկանգնվի: Կարկուտ խփել էր, բայց քիչ-միչ էլի աշխատել էր բույսը, բայց հեչ չէր ցրտահարվել, չիդեմ»,-ասաց Սումբուլյանը: