«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Ռեյ և Լիզ» ֆիլմը

- in Մշակույթ

Եզրափակվեց  Երևանի կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի մրցանակակիրների անունները հայտնի դարձան հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մրցանակաբաշխության և կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» կինոնկարը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց  Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ժապավենին: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ  Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» կինոնկարը:

Մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, «Եղիցի լույս» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մինդաձեն շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիրներին` նշելով, որ «Ոսկե ծիրան»-ը իրեն դուր է եկել ծրագրի բազմազանությամբ, որակյալ ֆիլմերի առատությամբ: Նրա խոսքով` որոշում կայացնելիս ոչ միշտ Է համամիտ եղել ժյուրիի մյուս անդամների հետ, բայց, ի վերջո, համատեղ որոշում են կայացրել:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց  Ռատի Ցիտելաձեի  «Հասարակության գերին» ժապավենին:

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ  մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում  կինոքննադատների մրցանակը հանձնվեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ժապավենին:

Փակման արարողությանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: « «Ոսկե ծիրան»-ը իր յուրահատուկ տեղն ունի միջազգային կինոփառատոների շարքում: Պետությունը պետք է անի հնարավոր ամենը փառատոնն առավել զարգացնելու համար: Վստահ եմ, որ հաջորդ տարիները նույնպես հաջող ընթացք կունենան»,-նշեց նախարարն ու խոստովանեց, որ առաջին տարին է, որ չի հասցրել որևէ կինոնկար դիտել, սակայն հանդիպել է ժյուրիի անդամների հետ, որոնք արհեստավարժ են, գիտակ և, վստահաբար, ճիշտ որոշումներ են կայացրել հաղթող ֆիլմերն ընտրելիս:

«Ոսկե ծիրան»-ի նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին փառատոնը պատվով անցկացնելու համար և հորդորեց հետագայում խուսափել բացթողումներից: