Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է: ՀՀ ոստիկանությունն ու ուժային կառույցներն ամեն ինչ անում են երկրի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով օրերս Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը:

«Եթե համեմատում ենք 2019 թվականի առաջին կիսամյակը 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կունենանք մինուս երկու, երեք սպանություն, ինչը ձեռքբերում է: Ինչ վերաբերում է գործին (խոսքը Նոր Նորքում սպանված Անդրանիկ Հարությունյանի գործի մասին է-խմբ.) իրականացվում են համալիր միջոցառումներ՝ համագործակցելով իրավապահ համակարգի այլ ստորաբաժանումների հետ: Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործերի շահերից: Վստահեցնում եմ իրավիճակը վերահսկելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վալերիյ Օսիպյանը:

ՀՀ ոստիկանապետն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե ինքն ազատվել է տեղակալներից, ովքեր իրենից բարձր կոչում ունեին:

«Նման կոմպլեքսներ ու խնդիրներ չունեմ: Իմ ենթակաները կարող են բարձր կոչում ունենալ, դա ինձ չի կաշկանդում»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:

Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինիկերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...