Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Ոստիկանության ծառայողները տեղում իրականացրել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։
Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձինն է։ Փորձաքննությունների համար դեպքի վայրից վերցվել են անհրաժեշտ հետքեր ու նմուշներ։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...