Իջևանում ցուցարարների թիկունքում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը համապատասխան գործողություններ է անում:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. «Այն, ինչ տեղի ուեցավ օրեր առաջ Իջևանում, դա ուղղակի անկարգություն ու խուլիգանություն է համարվում: Խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Եվ մեր նպատակն էր նրանց հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել: Բերման ենթարկված են եղել 29 անձ, ձերբակալվել են 13-ը: Երկու օր առաջ կալանավորվել է 10 անձ: Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակական են լինելու: Մենք ունենք ցանկ, որտեղ ֆիքսված են  անձինք, ովքեր ավելի ակտիվ դերակատարում են ունեցել այդ օրը, խուլիգանություն են իրականացրել, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանության ծառայողներին»:

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, որն իրականացվել է տարիներ շարունակ, Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցում:

«Այլևս մենք թույլ չենք տալու, որ թե Իջևանում,  թե այլ բնակավայրում լինի նման արատավոր երևույթ: Իսկ թե ովքեր են իրականացնում այդ ամենը, կանգնած թիկունքում, ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում: Մենք տեսադաշտում ունենք  համապատասխան անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում: Անուններ այս պահին, գործի հանգամանքներից ելնելով, չեմ տա»,- հավելեց ոստիկանապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...