Ով ինչ է իրենից ներկայացնում, և ով ինչ է հանել Հայաստանից դուրս

Davit Harutyunyan

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում չկա վեթինգի նախադրյալ:

Մի կողմից հասկանալի է, որ այդ բառը նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների մոտ պետք է արժանանա ինքնահոս մերժման, պարզ պատճառներով: Մյուս կողմից, սակայն, Դավիթ Հարությունյանը երևի թե իրավացի է: Բանն այն է, որ Հայաստանում գոյություն ունեցած իշխող նախկին համակարգը գործել է այնպիսի «թափանցիկությամբ», կոռուպցիայով և գանձագողությամբ համակարգը զբաղվել է այնպիսի ցինիզմով և հանդգնությամբ, որ Հայաստանը, գործնականում, շատ վաղուց վերածվել էր «վեթինգի՝ բաց երկնքի տակ»: Հայաստանում վեթինգի մեխանիզմներ պետք էլ չեն, պետք է միայն աչք ու ականջ: Վեթինգը գործնականում չորս կողմում է, ամենուրեք, ուր հայացք նետես: Օրինակ՝ ինչով վեթինգ չէ Մոնումենտի հարևանությամբ գոյություն ունեցած և այժմ դղյակավանի վերածված անտառը: Ընդ որում, կարելի է այն պարզապես վերանվանել հենց «Վեթինգավան» կամ «Վեթինգաշեն», և փակցնել համապատասխան ցուցանակը թաղամասի մուտքերին, որպեսզի այնտեղ հայտնվողները գիտենան, թե ուր են մուտք գործում:

Եվ այդպիսի բազմաթիվ օրինակներ, որոնք սփռված են Հայաստանի ամբողջ տարածքում, տարբեր նյութականացված դրսևորումներով: Հայաստանին պարզապես անհրաժեշտ են «բաց երկնքի տակ եղած վեթինգը» գործնականացնելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան արագ արձագանքել երևույթին և գտնել համարժեք լուծումներ: Մասնավորապես, դրանցից է անօրինական սեփականության առանց դատարանի վճռի բռնագանձման ինստիտուտը, որը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել և ձեռնամուխ լինել հանրային և պետական ունեցվածքը կարգի բերելուն: Մյուս կողմից, անշուշտ, հասկանալի է, որ վեթինգը, այսպես ասած, «դասական» իմաստով ներկայումս կիրառվում է այլ համատեքստում, սակայն գործնականում, այդ առումով էլ, Հայաստանում երևի թե վաղուց չկա գաղտնի որևէ բան: Դա Հայաստանի, այսպես ասած, փոքրության էֆեկտն է: Ու նաև դա էր պատճառը, որ նախկին իշխող համակարգն առանձնապես ջանք չէր գործադրում իր «որակները» հանրությունից թաքցնելու ուղղությամբ՝ հասկանալով, որ դա անիմաստ է՝ երկիրը փոքր է, և ամենագաղտնի տեղեկատվությունն անգամ գործում է խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար, վաղ թե ուշ բոլորի համար դառնալով ակնառու:

Այլ է խնդիրը, թե ինչ կա Հայաստանից դուրս, այսինքն՝ ով ինչ է իրենից ներկայացնում, և ով ինչ է հանել Հայաստանից դուրս: Որովհետև հայաստանյան համակարգը տարիների ընթացքում ձեռք է բերել մի առանձնահատկություն, որտեղ, խոշոր հաշվով, գործում է այսբերգի էֆեկտը, այսինքն՝ Հայաստանում երևացող մասը իրականում ամենամեծ մասը չէ արդեն, և ամենամեծ մասը Հայաստանից դուրսն է՝ չերևացողը: Եվ խոշոր իմաստով, այստեղ է իհարկե, որ կա խորքային վեթինգի կենսական անհրաժեշտություն՝ բառի բուն և պատկերավոր իմաստով: Որովհետև նախկին համակարգը իրականում իր դիրքերի պահպանության համար ավելի խորքային իմաստով գործի է գցում այսբերգի չերևացող մասը: Դավիթ Հարությունյանը, կամա թե ակամա, մատնացույց է անում վեթինգի, թերևս, գլխավոր թիրախը: