Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ

- in Հրապարակ
Pyotr Svitalsky

Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մնում է նույնը, այս դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին:

«Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում այս հակամարտությանը չկա, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվելու: Երկրորդը, մենք նպաստում ենք Մինսկի խմբի գործունեությանը նաև քաղաքական հարթությունում: Եվ մեր դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել: Մենք այս դիքրքրոշումը հայտնել ենք բազմիցս, որևէ պատճառ չկա անհանգստանալու, թե Եվրամիությունն իր դիրքորոշումը փոխում է: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել, վստահեք մեզ»,- ասաց Սվիտալսկին:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի, կարեւոր էր, որովհետեւ դրա արդյունքում գրանցվեցին դրական երեւույթներ: Դրանցից մեկն առաջընթացն է, վստահության ձեռքբերումը դեպի ընտրությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր հրաժեշտի հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաեւ հաջորդ քայլը: Ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող եք հպարտանալ, որ առաջին քայլն արել եք»,- նշեց ԵՄ դեսպանը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ԵՄ դեսպանը նկատեց, որ ՀՀ-ն քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իսկ առանց դրա հնարավոր չէ ապահովել առաջընթաց:

«Հայաստանի հաջորդ կարեւոր ձեռքբերումը անպատժելիության զգացումի վերացումն է: Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Հայաստանի սովորական քաղաքացիների համար, կարծում եմ, որ կարեւոր էր ձերբազատվել այս զգացումից, որ կան նման մարդիկ: Այժմ ժամանակն է կառուցելու արդար ու անբիծ դատաիրավական համակարգ»,- ասաց Սվիտալսկին: ԵՄ դեսպանը նշեց, որ ոչ մի կառավարություն անսխալական չէ, բայց դրանք կարելի է շտկել:

Հարցին, թե կոնկրետ որքա՞ն է ավելացել ԵՄ աջակցությունը, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ այն գրեթե կրկնապատկվել է, Սվիտալսկին պատասխանեց. «Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո: Խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է: 2019 թվականին աջակցության մակարդակը կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է՝ ինչու եմ նշում, որովհետեւ կա նաեւ բազմակողմանի աջակցություն, այլ տարբերակներ: Իսկ այստեղ խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է, որը 35 մլն-ից կդառնա 70 մլն: Մենք հիմա քննարկում ենք, թե որտեղ օգտագործել այս փողը: Չեմ բացահայտի, թե որ ուղղությամբ ենք շարունակելու, բայց այն կուղղվի ծրագրերի իրականացմանը»:

Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկում հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ. «Մենք գիտենք, թե ինչ ունենք, բայց այն ինչ տեղի կունենա 2021 թվականից հետո, կքննարկվի հիմա՝ Բրյուսելում: Եթե բարեփոխումների արագությունը պահպանվի, Բրյուսելը դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտա»:

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ճիշտ ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր հրաժեշտի հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երեւանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունները գնահատելու համար, թույլ են տալիս ասել, որ մենք ունենք ակտիվ ու բարեկամական հարաբերություններ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձեւերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց Սվիտալսկին:

ԵՄ դեսպանի խոսքով՝ նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Սվիտալսկին նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելի մեծ է, քան՝ Վրաստանի դեպքում:

Սվիտալսկին նշեց, որ հայերի 60 տոկոսից ավելին դրական են ընկալում ԵՄ-ն, վստահում են, ավելի քան 70 տոկոսը տեղյակ են ՀՀ-ին ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին:

Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին: Այս մասին այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Իհարկե, հավատացած եմ, որ ԵՄ-ն վայելել է դրական վերաբերմունք, ինչը ես բարձր եմ գնահատում»,- ասաց Սվիտալսկին ՝ միաժամանակ պրոֆեսիոնալ աշխատանքի համար երախտագիտություն հայտնելով ասուլիսին ներկա հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Ուղերձս հետեւյալն է. պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»,- ասաց Սվիտալսկին։

Անդրադառնալով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխություններին ԵՄ դեսպանն ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում:

«Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»,- ասաց Սվիտալսկին:

Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարեւոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն եւ բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- ասաց Սվիտալսկին:

Նա նշեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որեւէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ. «Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որեւէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասաց Սվիտալսկին:

Անդրադառնալով ընդդիմության քննադատության մասին, թե իշխանությունը փորձում է ստեղծել կախյալ դատական համակարգ, Սվիտալսկին ասաց. «Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը համաձայն: Բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, մենք նկատի ունենք իրապես անկախ դատարան, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտությունից: Իշխանության ճյուղերի կատարյալ բաժանումը չափազանց կարեւոր է մեզ համար: Ես որեւէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, որ միտում կա թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանում»:

Պյոտր Սվիտալսկին կարևոր է համարել այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացել է: Նա նշեց, որ սա ձեռքբերումներից մեկն է. Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են: Կարծում եմ՝շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, որ ձերբազատվել են այն զգացումից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ: Դա ավարտվել է, բայց անպատժելիության վերացումն ու օրենքի առաջ հավասարությունն առաջին քայլն է:

Այժմ, ԵՄ դեսպանի խոսքով, ժամանակն է կառուցելու անկախ, ամուր և արդյունավետ դատաիրավական համակարգ ու դատական իշխանություն, ինչը լուրջ առաջադրանք է ՀՀ իշխանություններին: