Որքան է փայտի բիզնեսի տարեկան շրջանառությունը եւ ովքեր են կանգնած դրա հետեւում

- in Տնտեսական

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ ըստ տարբեր գնահատականների՝ երկար տարիներ խոսքը գնում է տարեկան 500 հազարից մինչև 1 մլն խմ ստվերային փայտանյութի շրջանառության մասին, որը հատվում է անտառներից։

«Եթե 1 մլն խմ-ն բազմապատկեք 40 դոլարով, տարեկան 40 մլն դոլար շրջանառության մասին է խոսքը»,- ասաց նա։

Հարցին, թե ովքե՞ր են այդ ստվերային բիզնեսի հետևում կանգնած մարդիկ, նախարարը պատասխանեց, որ տեղեկություններն ամենօրյա ռեժիմով փոխանցվում են իրավապահներին։ «Անձը, որը կա այդ ամենի հետևում, դա իրավապահների կողմից ներկայացվող տեղեկատվություն պետք է լինի, ես առանց որևէ հիմնավորման որևէ անուն չեմ ուզում նշել»,- ասաց նա։

Էրիկ Գրիգորյանը նաև ասաց, որ համակարգը նախկինում այնպես էր կառուցված, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացին, նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա։ Չի եղել համապատասխան շահագրգռվածություն՝ կարգավորել և պատժիչ ու կանխարժելիչ բավարար մեխանիզմ ներդնել, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնեն անտառ, թե ոչ։

Էրիկ Գրիգորյանը նաև անդրադարձավ միջոցառումներին, որոնք կանխում են ապօրինի անտառահատումները։