Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսից  սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ` քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:
Հարցին, թե ինչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անհատական նամակ է գնում և, ըստ էության, նրան առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է»:

Անանյանն ընդգծեց, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձեւավորման խնդիր կա:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագիծը չի առաջարկում բռնագանձել ուրիշի սեփականությունը առանց դատարանի որոշման:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը : Նա հայտնեց, որ նախագծի մշակման աշխատանքներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ակտիվ դերակատարում  ունի Պետական եկամուտների կոմիտեն:
«Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ներգրավված էր այդ հարցում: Շատ ուրախ եմ, որ այժմ նա, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ավելի համակարգված կտանի առաջ: Մենք՝ որպես պետական եկամուտների կոմիտե, մի փոքր ետ ենք քաշվել այդ գործընթացից, որովհետև գտնում ենք, որ նախագծի մշակման գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց այն հարցը, որը  որոշ շրջանակների մոտ առաջացրել էր տարընթերցումներ:

«Երբ ասում են առանց դատական ակտի բռնագանձում է իրականացվելու, հնարավոր չէ որևէ անձի սեփականությունից զրկել առանց դատարանի որոշման: Ամեն ինչի  հիմքում դա է ընկած:  Այս սկզբունքը պահպանվելու է»,- ընդգծեց Անանյանը:

Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին  քաղաքացիների կողմից 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը լսել էր  371 բողոք, որոնցից  բավարարել էր 180-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ցուցանիշները։
«Այս տարի մասնակի բավարարվել է 69 բողոք, նախորդ տարվա 23-ի դիմաց։ Այս տարի կարճվել է 82 բողոք, մերժվել՝ 294 բողոք»,- ասաց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ լսվել է 882 բողոք, ինչը ՊԵԿ-ն ապահովել է այս տարվա կիսամյակով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...