Պիտի մերժենք կրիմինալ ենթամշակույթը

- in Կարծիք

Վերջին օրերին տեղի ունեցած մի քանի ողբերգական ավտովթարներն ու մարդկային զոհերը հասարակության ուշադրությունը հերթական անգամ կենտրոնացրին այդ խնդրի վրա, եւ տարբեր հարթակներում բուռն բանավեճեր ծավալվեցին, թե ինչպես պետք է շտկել իրավիճակը։

Եթե մի կողմ թողնենք անհեթեթ մեկնաբանությունները («էս ամեն ինչի մեղավորը դիլետանտ իշխանություններն են», «վթարների հետեւանքով զոհեր են եղել, իսկ այսինչ պաշտոնյան այսինչ վայրում ժամանակ է անցկացնում» եւ այլն), հասարակությունը հիմնականում ճիշտ է նշել պատճառները։

Դրանք մի քանիսն են։ Նախ՝ մեքենաների վիճակն է վատ։ Մեքենաները հին են, տեխզննում ասվածը հաճախ ձեւական բնույթ է կրում, սրան էլ գումարվում է էժանագին ու անորակ «զապչաստը», եւ պատկերն ամբողջական է դառնում։ Երկրորդ՝ ճանապարհների վիճակն է վատ։ Երրորդ՝ տարիներ շարունակ վարորդական իրավունքի վկայականները տրվել են ում ասես՝ կաշառքով (անգամ հստակ գնացուցակն էր հայտնի)։ Չորրորդ՝ ճանապարհային ոստիկանությունն է «թուլացրել պտուտակները» եւ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։ Հինգերորդ՝ իր ազդեցությունն է ունենում նաեւ մարդկանց սոցիալական վիճակը (տաքսիստներն ու երթուղայինների վարորդները հաճախ ստիպված են լինում օրական 14-15 ժամ անցկացնել ղեկի վրա)։

Բայց կա եւս մի առնվազն նույնքան կարեւոր պատճառ։ Դա, այսպես ասենք, «կրիմինալ ենթամշակույթն» է, որը ներթափանցել է նաեւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության ոլորտ։ Պարզ ասած՝ շատ վարորդներ իրենց «լավ տղու» տեղ են դնում ու համարում են, որ երթեւեկության կանոնները պահպանելը «զապադլո» է։ Նկատել եք, չէ՞, թե որքան հաճախ են վարորդները երկարատեւ սիգնալների միջոցով «դեբատների մեջ մտնում» իրար հետ, ու ինչքան է պատահում, որ արդյունքը լինում է սովորական ծեծկռտուքը։ Ավելին՝ իրար զիջելը նույնպես համարվում է «զապադլո», էլ չենք խոսում, ասենք, շրջադարձից առաջ թարթիչ միացնելու մասին («խի ես էն տղեն ե՞մ, որ մարգատ միացնեմ»)։ Մի խոսքով՝ համարվում է, որ երթեւեկության կանոնները 100 տոկոսով պահպանում են միայն «հարիֆները» կամ «լոխերը», իսկ մյուսների գործը նրանց վրա «ղժժալն» է։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է նաեւ հետիոտներին, որովհետեւ նրանց մեջ էլ քիչ չեն իրենք իրենց «լավ տղա» համարողները։ Եվ այս վիճակը շատ հաճախ հանգեցնում է զոհերի։

Ի դեպ՝ նույն վիճակն է նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ բանակում։ Այստեղ նույնպես «կրիմինալ ենթամշակույթը» մեծ ավերածություններ է գործում։ Վիճակագրությանը հետեւողները երեւի նկատած կլինեն, որ բանակում արձանագրվող մահերի զգալի մասը միջանձնային հարաբերությունների հետեւանք է։ Ընդ որում՝ ավելի հաճախ պարզվում է, որ մահվան հանգեցրած վեճերի պատճառներն աննշան մանրուքներ են։ Ասենք՝ մեկին դիմացինի կատակի տոնը դուր չի եկել, մյուսն իրեն տրված հանձնարարությունը «զապադլո» է համարել, երրորդը «քֆուրի տակ չի մնացել», եւ այսպես շարունակ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե անհաջող կատակը հանդուրժեր կամ «քֆուրի տակ մնար»՝ ծառայակիցները, կրիմինալ ենթամշակույթի վարքականոնների համաձայն, իրեն համարելու էին «չմո» եւ մինչեւ վերջ նվաստացնելու էին։ Այլ կերպ ասած՝ կրիմինալ ենթամշակույթը նորմալ մարդկանց ստիպում է առաջնորդվել իր չափանիշներով, եւ դա շատ հաճախ զոհերի է հանգեցնում։ Որովհետեւ «լավ տղա» է համարվում նա, ով անպայման փորձում է ինքնահաստատվել անպաշտպան դիմացինի վրա (ճիշտ այնպես, ինչպես «գոլդ համարներով» ջիպերի վարորդներն են քշում խեղճուկրակ տաքսիների վրա կամ դուրս գալիս հանդիպակաց երթեւեկության գոտի՝ համարելով, որ իրենց կարելի է)։

Հասկանալի է, որ կրիմինալ ենթամշակույթն արմատախիլ անելը տասնամյակների գործ է, ու հասկանալի է նաեւ, որ դիմադրություն միշտ լինելու է։ Որովհետեւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը միշտ հարուցելու է նրանց դժգոհությունը, ովքեր սովոր են եղել, որ «օրենքը հարիֆների համար ա», իսկ իրենք դրանից բարձր են։ Բայց եթե իսկապես ուզում ենք նորմալ հասարակություն ունենալ՝ այլ ճանապարհ չունենք։ Պիտի մերժենք կրիմինալ ենթամշակույթը։