ՌԴ նախագահ Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որը վերաբերում է ՀԱՊԿ հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակի ներդրմանը:

http://lragir.amՓաթեթը նախատեսում է ՀԱՊԿ-ով հետաքրքրված երկրներին դիտորդի կարգավիճակի տրամադրում, որը կլինի ՀԱՊԿ Խորհրդի, այսինքն անդամ պետությունների հավանությամբ:

Թեման նոր չէ եւ շրջանառվել է վաղուց: Հայաստանի դիտանկյունից այն պարունակում է հասկանալի ինտրիգ՝ Ադրբեջան կամ Թուրքիա, կամ՝ թե Ադրբեջան, թե Թուրքիա, որոնց հետ Ռուսաստանն իր հարաբերությունը գնահատում է ռազմավարական:
Նշանակու՞մ է դա, որ դիտորդի կարգավիճակը սահմանվում է Բաքվի եւ Անկարայի, կամ նրանցից որեւէ մեկի համար: Այստեղ մի հանգամանք է Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելը, թեեւ Անկարան կարծես թե բռնել է դաշինքի նկատմամբ դիմահար երթեւեկության մարտավարություն: Դա կբերի՞ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի կապի դե յուրե խզման: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ Թուրքիային ուղղակի «գործուղեն» ՀԱՊԿ: Իհարկե ոչ իբրեւ ՆԱՏՕ «գործակալ»: «Գործուղեն» Ռուսաստանի մոտ ՆԱՏՕ-ի կարիքը մեծացնելու համար:

Ադրբեջանը ՀԱՊԿ հանդեպ հետաքրքրության մասին բավական բաց խոսեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, 2018-ի օգոստոսին, երբ Ալիեւը պատրաստվում էր մեկնել Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման: Մինչ այդ, ՌԴ նախագահը մերժել էր նրա հետ քննարկել հայկական հարցը: Ալիեւը Հայաստանում հեղափոխությունից հետո մի քանի անգամ փորձեց Պուտինի հետ խոսել այդ թեմայով, հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Ադրբեջանի նախագահը հերթական ընտրությունն էր վեց ամիս առաջ տվել՝ տեղափոխելով ապրիլ, ինչ որ բանի պատրաստվելու, այսպես ասած ձեռքերն ազատելու համար, բայց Հայաստանում հեղափոխությունը արմատապես փոխեց վիճակը:

Ալիեւին չհաջողվեց Պուտինից պատասխան ստանալու առաջին ամիսների փորձը: Պուտինը հունիսին փաստացի հայտարարեց, թե՝ սեպտեմբերին կգաս, լուրջ հարցերից կխոսենք այն ժամանակ: Օգոստոսին Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկի միջոցով Ալիեւը քարոզչական դաշտ նետեց ՀԱՊԿ հանդեպ հետաքրքրությունը, իհարկե պայմանով, որ Արցախի հարցը լուծվում է Ադրբեջանի պատկերացմամբ, կամ առնվազն առաջընթաց գրանցվում այդ պատկերացմամբ:

Պաշտոնական Մոսկվան առանձնակի ուշադրության չարժանացրեց գցված «թեզը», իսկ սեպտեմբերին Պուտինն Ալիեւին անձամբ հորդորեց Դուշանբեում չկրակելու վերաբերյալ պայմանավորվել Փաշինյանի հետ: Դուշանբե մեկնելու նախորդ օրը Պուտինը այցելել էր Բաքու, չնայած հանգամանքին, որ ընդամենը մի քանի օր առաջ էր Ալիեւը եղել Սոչիում:

Այդ ընթացքում, Հայաստանը սրելով որոշակի ճգնաժամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում, կազմակերպության օրակարգ բերեց Հայաստանի շահի հանդեպ պարտաճանաչության հարցը, դնելով խնդիր՝ ՀԱՊԿ-ն անվտանգության բլո՞կ է, թե ոչ:

ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որեւէ կարգավիճակի եւ Հայաստանի բարձրացրած հարցերը անհամատեղելի են: Այդ դեպքում ու՞մ համար է Պուտինը ծրագրում ներդնել ՀԱՊԿ դիտորդի ինստիտուտը, եթե ոչ Բաքվի կամ Անկարայի: Որովհետեւ անհնար է թվում ստանալ Հայաստանի համաձայնությունը: Իսկ լուծել հարցն առանց Հայաստանի համաձայնության, նշանակում է պատերազմ հայտարարել Հայաստանին, ընդ որում հենց սկզբից պարտության դատապարտված՝ առնվազն Թուրքիայից եւ Ադրբեջանից կրած պարտության, որի գինը ՌԴ համար լինելու է Կովկասը, այդ թվում՝ Հյուսիսային:

Ուրեմն ինչի՞ համար է պետք դիտորդի կարգավիճակը, կամ ու՞մ համար: Թերեւս Բաքվի ու Անկարայի: Պարզապես ոչ թե նրանց ճանապարհը բացելու, այլ մանիպուլյացիոն խաղի ճանապարհը փակելու համար: Հայաստանն այդ հարցում դեր ունի, եւ թերեւս այդ հարցն են քննարկել Փաշինյանն ու Պուտինը հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որում անդրադարձ է եղել ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...