Ռազմական անակնկալներ են լինելու

- in Կարծիք

Ռազմական անակնկալներ են լինելու, այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նոր սպառազինություն է ձեռք բերում հայկական բանակը: Նա ասաց, որ մանրամասներ չի ուզում նշել, բայց ռազմական անակնկալներ են սպասվում:

Տոնոյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչ փուլում է ռուսական ինքնաթիռների մատակարարման գործընթացը: «Ըստ պայմանագրի՝ մենք ակնկալում ենք արտադրողների պայմանագրային պարտավորությունների իրականացումը տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին»,- ասաց նա:

Ադրբեջանական բանակի կողմից հուլիսի 17-ին Նախիջևանի հատվածում արձակված կրակոցը եղել է ոչ նպատակային:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու խնդիր չի տեսնում:

«Որոշ մասերում վերահսկելի լարվածություն է առկա, բայց անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը: