Ռոբերտ Քոչարյանը՝ սեփական փոսում

- in Կարծիք

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի սահմանվի։ Նման բան հնարավոր է միայն հետհեղափոխական Հայաստանում, որովհետև, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որևէ ընդդիմադիր գործիչ երազել անգամ չէր կարող, որ որևէ ատյանի դատարանում կարող է իրացնել իր իրավունքները կամ վերականգնել դրանք։

Նոր Հայաստանում դա ոչ միայն հնարավոր է, ինչի մասին վկայում է այսօրվա դատավճիռը, այլ նաև դատարանները երկու անգամ փոխել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ հնարավորություն ընձեռելով, որպեսզի երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ։ Համեմատության համար արձանագրենք միայն, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում՝ Մարտի 1-ի իրադարձություններից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ անազատության մեջ հայտնված տասնյակ կողմնակիցները շուրջ մեկ ամիս զրկված են եղել անգամ փաստաբան ունենալու հնարավորությունից, որովհետև երկրում հայտարարված արտակարգ դրությունը փաստացի դիկտատուրա էր հաստատել։

Այսօր դատարան է բերվել նաև երկրորդ նախագահը, որը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է օրինականությանը հետևի, իրավունքները պաշտպանի, նա ընդգծել է, որ բազմիցս քննիչին ասել են անօրինականությունների մասին, բայց արձագանք չի եղել:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ առգրավել են նաև գույքի օրինականության մասին փաստող փաստաթղթերը, որոնք եղել են սեյֆի մեջ: «Շշմում էի, ո՞նց կարելի է օրենք խախտել»,- ասել է նա։

Սկզբունքորեն այն կարծիքին եք, որ ցանկացած մեղադրյալ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, պետք է պատշաճ պաշտպանության իրավունք ու հնարավորություն ունենա ու կարևորում ենք, որ երկրորդ նախագահը դատարանում մեղավոր ճանաչվի կամ արդարացվի բացառապես լեգալ դատավարության ընթացքում։ Սա կրեդո է, հավատամք, հակառակ պարագայում՝ նոր Հայաստանը որևէ բանով չի տարբերվի քրեաօլիգարխիկ իրականությունից, երբ մարդու իրավունքներն ու ազատությունները ստորադասված էին ռեժիմի շահերին, քմահաճույքներին։ Եթե նախաքննության ընթացում Քոչարյանի հանդեպ եղել են իրավունքի սահմանափակման ապօրինի դրսևորումներ, դրանք պետք է վերացվեն, ու այս հարթության վրա Վերաքննիչ դատարանն այսօր ապացուցեց, որ հետհեղափոխական Հայաստանում արդարադատության նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն բանեցվում։

«Շշմում էի, ո՞նց կարելի է օրենք խախտել»՝ այսօր դատարանում տարակուսել է Ռոբերտ Քոչարյանը, ու նրա այս ռեպլիկը շատ հետաքրքիր զգացողություններ է առաջացնում։ Նախկին համակարգի օրոք, որի ճարտարապետը Ռոբերտ Քոչարյանն էր, քրեադատավարական ամբողջ համակարգը դարձել էր ռեպրեսիվ մեքենա, որի միջոցով զանգվածաբար ոտնահարվում էին ընդդիմադիր քաղաքացիների իրավունքները, ու այդ ամբողջ գործընթացն ուղղորդվում էր Բաղրամյան 26-ից՝ կրելով համակարգային բնույթ։

Նոր Հայաստանում իրավունքի խախտումները նույնպես չեն բացառվում, սակայն դրանք ինստիտուցիոնալ բնույթ չեն կրում և սրբագրվում են դատարանների կամ նույնիսկ դատախազության կողմից։

Մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո Հայաստանում փոփոխության է ենթարկվել միայն քաղաքական իշխանությունը, իսկ պետական համակարգը ու, մասնավորապես, քրեա-դատավարական ոլորտը մնացել են նույնը։ Նիկոլ Փաշինյանի թիմի անպատասխանատու վարքագծի պատճառով չեն բարեփոխվել ոչ միայն դատարանները, այլ նաև դատախազությունը ու քննչական մարմինները։ Եթե դատախազությունն ու ՀՔԾ-ն ավելի համարժեք են գործում և ադապտացվել են հեղափոխական իրավիճակին, ապա դա ոչ թե բարեփոխումների, այլ իշխանության քաղաքական կամքի դրսևորում է։

Երբ այսօր Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է իրավապահների ապօրինություններից, ապա ակամայից գնահատական է տալիս իր կառավարման որակին, որովհետև իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը ռեպրեսիվ են դարձել հենց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին։ Մի խոսքով՝ Քոչարյանը դարձել է իր ստեղծած համակարգի պատանդը։