Ռուսական զորքը Արաքսի ափին. Սամվել Բաբայանը պետք է զգուշանա

- in Կարծիք
Samvel Babayan

Սամվել Բաբայանի թիմը հավաքել է Արցախի Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Ստորագրահավաքի իմաստը Արցախի նախագահի թեկնածուի բնակության ցենզը հանելն է: Այդ պարագայում Սամվել Բաբայանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու:

Այս նախաձեռնությունը հանրային-քաղաքական շրջանակներում հիմնականում արժանացել է բացասական արձագանքների: Նշվում է նույնիսկ, որ այս հարցում չտեսնված միակամություն կա տարբեր շրջանակներում: Բերվում են զանազան փաստարկներ ու կարծիքներ, իրավա-քաղաքական կազուսից մինչեւ Արցախի անվտանգության խնդիրներ:

Արցախի ներկայիս իշխանության արձագանքը նույնպես բացասական է: Ավելին, Սամվել բաբայանի ակտիվությունը որոշակի վախ է առաջացրել: Բակո Սահակյանը վերջին շրջանում կատարել է մի շարք նշանակումներ ուժային ու իրավապահ համակարգում, որոնք ուղղված են իր դիրքերն ուժեղացնելուն, մասնավորապես Սամվել Բաբայանի հնարավոր գործողությունների մասով:

Իր հերթին, Արցախի ներկայիս իշխանության ու Հայաստանի նախկին վարչակարգի թեկնածուները՝ Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը կոշտ հայտարարություններ արեցին Սամվել Բաբայանի հասցեին, այդ թվում՝ սպանությունների մասով: Եղան նույնիսկ բախումներ նրանց թիմակիցների միջեւ:

Ինքը Բաբայանը հայտարարել է, որ եթե իր նախաձեռնությունը մերժվի, Արցախում հանրահավաքներ է սկսելու: Հայկական մամուլում Բաբայանի հնարավոր գործողություններն արդեն «կնքվել» են խժդժություն բառով, եւ դա ունի իր որոշակի հիմքերը՝ վերջին տարիներին Սամվել բաբայանը որտեղ հայտնվում է՝ այնտեղ «խժդժություններ», առնվազն իրարանցում է լինում: Հայկական մամուլում նույնիսկ տեղեկություններ եղան, որ Բաբայանի կողմնակիցները մտադիր են փակել Արցախ տանող մայրուղիները:

Բաբայանի գրասենյակն ի պատասխան հայտարարեց, թե նման մտադրություն չկա, որ իրենք երբեւէ քայլեր չեն անի, որոնք կվնասեն Արցախին: Կարեւոր հայտարարություն է, միեւնույն ժամանակ, այս հայտարարության ֆոնին արժե անդրադառնալ մի շարք հանգամանքների, որոնք առնչվում են արտաքին որոշակի գործոնների:

Սամվել Բաբայանն ապրիլյան պատերազմից հետո մի շարք տարօրինակ հայտարարություններ արեց, որոնք ավելի շատ կարծես հաստատում էին նախորդ վարչակարգի թեզերը, արդարացնելով նրա գործողությունները: Նրա այցը Ստեփանակերտ մեծ «խժդժություն» առաջացրեց, որը շարունակվեց հետագայում Երեւանում, 2017-ի խորհրդարանի ընտրության շեմին, երբ նա ձերբակալվեց Իգլա-ի գործով:

Պետք է նշել, որ նա այն ժամանակ վերադարձել էր Մոսկվայից, որտեղ բնակվում էր տեւական ժամանակ:

Ներկայիս ստորագրահավաքը սկսելու շեմին Սամվել Բաբայանը կրկին մի քանի աղմկոտ հայտարարություն արեց, որոնցից արժե առանձնացնել Արցախը որեւէ տերության, տվյալ պարագայում Ռուսաստանի մանդատի տակ մտցնելու վերաբերյալ: Հանրային-քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Բաբայանը կապված է ռուսական ինչ որ շրջանակների հետ, որոնք «մասնագիտացված» են հայկական ուղղությամբ:

Վերջին շրջանում ռուսական շրջանակները ներկայացնող «պրոհայկական» փորձագետները հաճախ են այցելում Ստեփանակերտ եւ տարբեր հանդիպումներ ունենում, այդ թվում նախկին վարչակարգի թեկնածուների հետ, ակտիվորեն առաջ մղելով Արցախի ու Հայաստանի հակադրման թեզերը: Ըստ տարածված մեկնաբանությունների, դա ունի երկու նպատակ: Տապալվելով Հայաստանում, այդ շրջանակները փորձում են իրենց ակտուալությունը պահել Արցախում, Արցախը հակադրելով Հայաստանին:

Երկրորդ ուղղությունն աշխարհքաղաքական է եւ առնչվում է Արցախի հարավային գոտում ռուսական զորքի տեղակայմանը: 2013-ից ի վեր, երբ Ռուսաստանը լիարժեք զինեց Ադրբեջանին, ու վերջինս սկսեց ակտիվ գործողությունները Հայաստանի դեմ սահմանի ողջ երկայնքով, Մոսկվայի որոշակի շրջանակներում չեն թաքցնում այդ պլանները: Այդ մասին գրում են նաեւ վերոհիշյալ փորձագետները, փորձելով իրենց համար աշխատանքի «ֆրոնտ» ապահովել այս ուղղությամբ: Դա ներկայում հիմնավորվում է Իրան-Արեւմուտք լարվածության ներկայիս փուլով:

Կապ ունի՞ այս ամենի հետ Սամվել Բաբայանը, նկատի առնելով ռուսական մանդատի մասին նրա հայտարարությունը: Այս հարցադրումը վերաբերում է նաեւ Արցախի ներկայիս իշխանությանն ու նրա թեկնածուներին: Արցախի ներքաղաքական գործընթացի մասնակիցները պետք է հաշվի առնեն հնարավոր բոլոր սցենարները եւ իրենց պատասխանատվությունը:

Թե ինչ է նշանակում ռուսական զորքի ներկայությունը, թերեւս բոլորն են հիշում Արցախում, ոչ վաղ անցյալից: Ընդ որում, պետք է արձանագրել նաեւ, որ Արցախում այն ժամանակվա ներքաղաքական իրադարձությունները կորուստների պատճառ դարձան: Պետք է նշել, որ ներկայիս ակտիվ դերակատարաների մի մասը ակտիվ էին նաեւ այն ժամանակ: