Ռուսաստանը բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել իր զորքերը, ռիսկեր կա՞ն Հայաստանի համար

- in Կարծիք
Tank

Վերջին 10 օրվա իրադարձությունները Վրաաստանում կտրուկ սրեցին վրաց-ռուսական՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները: Պաշտոնական Մոսկվան շատ կտրուկ արձագանքեց Թբիլիսիում հունիսի 20-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերին, որոնք մի զգալի առումով վերաբերում էին հենց Ռուսաստանի հետ կապված խնդիրներին:

Մասնավորապես, կրկին բարձրացվեց Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, քննադատեցին ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում և անձնական վիրավորանքներ հնչեցվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ի դեպ, բողոքի ցույցերի սկսվելու պատճառը վրաց հանրության շրջանում կրկին կապված էր ռուսական գործոնի հետ: Վրացիներին խիստ զայրացրել էր այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում ռուս պատվիրակ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր խորհրդարանի նախագահի աթոռը: Հետագայում Գավրիլովին Վրաստան հրավիրած Զաքարիա Կուցաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, պիտի ներողություն խնդրեր հրապարակում ցուցարարներից նման բան թույլ տալու համար: Իսկ Գավրիլովի ուղղությամբ ցուցարարները ձվեր և շշեր նետեցին: Ռուսաստանի պատվիրակությունը ստիպված էր լքել Վրաստանի տարածքը:

ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը Վրաստանում տեղի ունեցածը «ռուսատյացության հիստերիա» է անվանել: Իսկ Պուտինը հաջորդ իսկ օրը ձեռնամուխ եղավ Վրաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը. հրաման ստորագրվեց ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելելու մասին: Այս իրադարձությունների ֆոնին լրահոսում հայտնվեց մեկ այլ ուշագրավ նորություն Ռուսաստանից. ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը, Արևելյան և Հարավային ռազմական օկրուգների զինվորական ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և Էրեբունու օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազայի զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի: